ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ աջակցությամբ կատարված քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկ Ա. Ա.-ն, տեղեկանալով, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար պարեկ Վ. Մ.-ի կողմից իր ծանոթի նկատմամբ 100.000 ՀՀ դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, հիշյալ պարեկին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես, Վ. Մ.-ի կողմից արձանագրությունում նշվել է, թե իբրև քաղաքացին տուգանվել է երթևեկության ժամանակ հեռախոսակապից օգտվելու համար, որի արդյունքում 100.000 ՀՀ դրամի փոխարեն վերջինս տուգանվել է 10.000 ՀՀ դրամով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տաշիրի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատող Ա. Իսրայելյանի կողմից անապահովության գնահատման համակարգում հաշվառված մի շարք քաղաքացիներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Ա. Մաթևոսյանը 2018 թվականի մարտի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, դիտավորությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրերը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ դատապարտյալ Վ. Վերանյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում մտերիմ հարաբերություններ հաստատելով և հանցավոր համաձայնության գալով նույն հիմնարկում ծառայություն իրականացնող անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղոյանի հետ` իր օգտին առանձին գործողություններ չկատարելու կամ անգործություն դրսևորելու համար վերջինիս առաջարկել և տվել է խոշոր չափերով կաշառք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության և կաշառք տալու փորձի դեպքեր: Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Արշակ Կարապետյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով Ս. Առաքելյանի ընտանիքի անդամների հետ, տեղեկացել է վերջինիս հոր` Ստեփան Առաքելյանի կողմից Երևան քաղաքում մահվան ելքով վրաերթ կատարելու դեպքի մասին: Ընդունելով գումարի դիմաց հորը քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում օժանդակելու Ս. Առաքելյանի առաջարկը՝ Արշակ Կարապետյանը որոշել է դիմել խարդախության և վերջինիս տեղեկացրել է, թե իբր կաշառքի դիմաց պայմանավորվածություն է ձեռք բերել նախաքննությունն իրականացնող քննիչի հետ` հիշյալ քրեական գործով վարույթը կարճելու շուրջ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակից Ն. Բ.-ն նույն մարզում ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց պահանջել և Տաշիր քաղաքի ավտոկայանի աշխատակցից 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառք:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2025 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։