2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ հակակառուպցիոն կոմիտեում վարույթ են ընդունվել և քննվել մեծ քանակի քրեական գործեր ու նյութեր, քննարկվել դիմումներ, քննիչներն աշխատել են աննախադեպ ծանրաբեռնվածության պայմաններում։ Չնայած ծանրաբեռնվածությանն ու գործունեության կարճ ժամանակահատվածին` Հակակոռուպցիոն կոմիտեն օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում 2022 թվականի հաշվետու ժամանակահատվածում էական աշխատանք է կատարել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով արդյունավետ նախաքննություն իրականացնելու, իրավակարգի ու օրինականության ամրապնդման ուղղությամբ:
2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 627 քրեական գործ: Հիշյալ քրեական գործերից 52-ը 123 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 97-ի վարույթը կարճվել է, 26-ինը կասեցվել` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով, 188-ը ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 37 քրեական գործի տրվել է այլ դատավարական ընթացք: 227 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հաշվետու ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվել են 546 նյութեր, քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 1192 դիմումի:
2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վերջնական ձևավորման ուղղությամբ տարվող ծավալուն աշխատանքներ. ընդունվել են Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների համալրման նպատակով մրցույթների անցկացման գործընթացը կարգավորող իրավական ակտեր, հաստատվել են համապատասխան կարգերը, ձևավորվել են մրցութային հանձնաժողովներ: Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների համալրման նպատակով հայտարարվել է երեք մրցույթ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն՝ որպես երկրում կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ իրավապահ մարմին, կազմավորման օրվանից մշտապես կապի մեջ է գտնվել միջազգային գործընկերների հետ` կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերջիններիս ունեցած հաջողված փորձի ուսումնասիրման, միջազգային գործընկերների աջակցությունը պահանջող հարցերի կարգավորման նպատակով: Հաշվետու ժամանակահատվածում ավելի սերտ համագործակցային միջավայր է ձևավորվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկեր կառույցների միջև: Մասնավորապես` Հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր, որի նպատակն է` ապահովել համանման գործառույթներ իրականացնող երկու կառույցների միջև անմիջական հաղորդակցությունն ու տեղեկատվության փոխանակումը, համագործակցությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, փոխանակման ծրագրերի և աշխատանքային քննարկումների կազմակերպումը:
Նշված ժամանակահատվածում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի և Բազելի կառավարման ինստիտուտի միջև` տնտեսության դեմ ուղղված հանցագործությունների կամ հանցավոր գործունեության այն տեսակների միջոցով ձեռք բերված ակտիվների բացահայտման և դրանց վերադարձի ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Բացի այդ, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները մասնակցել են ԵԱՀԿ-ի և ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին:
Քննված քրեական գործերի նախաքննության արդյունավետությունը շատ դեպքերում պայմանավորված է եղել նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում ՀՀ իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ, հատկապես համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասով:
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հաշվետու ժամանակահատվածում մշակվել են մի շարք օրենսդրական նախագծեր, Կոմիտեն ներգրավվել է օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի քննարկումներին: Մասնավորապես` քննիչների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, պատշաճ նախաքննության իրականացման ու նախաքննության արդյունավետության բարձրացման նպատակով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն արդեն ընդունվել և ուժի մեջ է մտել սույն թվականի հունիսի 18-ին:
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն կոմիտե
Հասցե՝ Երևան, Վաղարշ Վաղարշյան 13 ա
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2023 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։