2024 թվականի 1-ին կիսամյակի գործունեության մասին
2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 1572 քրեական վարույթ, որոնցից 75-ը 191 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 352-ի վարույթը կարճվել է, 847 վարույթի նախաքննությունը շարունակվում է, մնացած վարույթներին ևս տրվել է համապատասխան դատավարական ընթացք:
Մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել՝
Քննված քրեական վարույթների հետ մեկտեղ Կոմիտեի քննիչների կողմից քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 2767 դիմում-հաղորդման:
Կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու և դրանցով քրեական վարույթներին օժանդակելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, ինչպես նաև կատարվել են մեծածավալ գաղտնի քննչական գործողություններ։
Կոմիտեի ինքնավար և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների պաշտոնների համալրման նպատակով 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կազմակերպվել է 7 մրցույթ, որի ընթացքում ուսումնասիրվել և մրցութային համապատասխան փուլերով ստուգվել է ընդհանուր 115 թեկնածու: Մրցույթների արդյունքներով հաղթող են ճանաչվել 22-ը, որոնք նշանակվել են համապատասխան պաշտոնների (10 ինքնավար և 12 օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոններ)։
Ընթացքի մեջ գտնվող 3 մրցույթներին մասնակցության հայտ է ներկայացրել 46 թեկնածու։ Այս մրցույթներով նախորդ մրցութային փուլերը հաջողությամբ հաղթահարած 12 թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության փուլը դեռևս չի ավարտվել:
2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում շարունակվել է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների գործընկեր կառույցների հետ՝ քննչական և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման նպատակով: Միջազգային գործընկերների աջակցությամբ պարբերաբար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել Կոմիտեի ծառայողների համար:
2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրել է ավելի քան 115 իրավական ակտերի նախագծեր, իսկ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի 23 նախագծերի վերաբերյալ ներկայացրել է դիտողություններ և առաջարկություններ:
Կոմիտեի գործունեության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդման նպատակով, ինչպես նաև կարևորելով կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքը, հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են Կոմիտեի ընթացիկ գործունեության իրազեկման վերաբերյալ լուսաբանման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն կոմիտե
2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 1231 քրեական վարույթ: Նշված վարույթներից 79-ը 178 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 122-ի վարույթը կարճվել է, 785 քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, իսկ մնացած վարույթներին ևս տրվել է համապատասխան դատավարական ընթացք:
Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթները վերաբերել են՝
-իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով կատարված հափշտակություններին (այդ թվում՝ խարդախություններ և վստահված գույքի յուրացումներ)՝ 16 վարույթ 36 անձի վերաբերյալ,
-փողերի լվացմանը, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով կատարված հակամրցակցային գործունեությանը և հարկեր չվճարելուն՝ 3 վարույթ 5 անձի վերաբերյալ,
-պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն և իշխանազանցությանը՝ 6 վարույթ 18 անձի վերաբերյալ,
-կաշառք ստանալուն, կաշառք տալուն և կաշառքի միջնորդությանը՝ 48 վարույթ 109 անձի վերաբերյալ,
-պաշտոնեական կեղծիքներին՝ 6 վարույթ 10 անձի վերաբերյալ։
Քննված քրեական վարույթների հետ մեկտեղ Կոմիտեի քննիչների կողմից քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 1806 դիմում-հաղորդման:
Կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու և դրանցով քրեական վարույթներին օժանդակելու ուղղությամբ ծավալուն և արդյունավետ գործունեություն է իրականացրել Կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունը։ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքին համապատասխան՝ վարչության աշխատակիցների կողմից կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև քրեադատավարական օրենսդրության կանոնների պահպանմամբ կատարվել են մեծածավալ գաղտնի քննչական գործողություններ։
Նկատի ունենալով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կայացման, գործունեության արդյունավետության բարձրացման հիմնական երաշխիքն արհեստավարժ կադրերն են և նրանց մասնագիտական պատրաստվածության մակարդակի անընդհատ բարձրացումը՝ 2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում այս ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել: Կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացման, ինչպես նաև քննության արդյունավետության ապահովման մեջ զգալի է եղել օտարերկրյա իրավապահ մարմինների հետ համագործակցության դերը՝ ինչպես լավագույն փորձը փոխառելու, այնպես էլ բուն մինչդատական վարույթի ընթացքում իրավական փոխօգնության առումով:
Բարեվարք և մասնագիտական պատշաճ գիտելիքներ, հմտություններ ունեցող ծառայողների ընտրության, Կոմիտեի քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների պաշտոնները համալրելու նպատակով կազմակերպվել ու անցկացվել է 6 մրցույթ, որի ընթացքում ուսումնասիրվել և մրցութային համապատասխան փուլերով ստուգվել է 91 թեկնածու: Մրցույթների անցկացմանը մասնակցություն են ունեցել ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այնպես էլ տարբեր դիտորդներ և միջազգային փորձագետներ։
Այդ մրցույթների արդյունքներով հաղթող է ճանաչվել 29 մասնակից, որոնցից համապատասխան պաշտոնների են նշանակվել 28-ը (16 ինքնավար, 12 օպերատիվ-հետախուզական պաշտոններ)։
Նշված ժամանակահատվածում, բացի վերը նշված մրցույթներից, կազմակերպվել և այս պահին ընթացքի մեջ է ևս 3 մրցույթ, որին մասնակցության հայտ է ներկայացրել 62 թեկնածու։ Այս մրցույթներով նախորդ մրցութային փուլերը հաջողությամբ հաղթահարած 25 թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության փուլը դեռևս չի ավարտվել:
2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում շարունակվել է սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների՝ համանման գործառույթներ իրականացնող գործընկեր կառույցների հետ՝ քննչական և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման նպատակով: Միջազգային գործընկերների աջակցությամբ պարբերաբար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել Կոմիտեի ծառայողների համար, որոնց արդյունքում ձեռքբերված գիտելիքները ներդրվել են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տարվող ամենօրյա աշխատանքներում: Երկկողմ համագործակցության և գործընկերային հարաբերությունների հաստատման և ընդլայնման նպատակով նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իտալիայի, Չինաստանի և Վրաստանի համապատասխան իրավապահ մարմինների հետ փոխըմբռնման և համագործակցության հուշագրեր կնքելու շուրջ:
2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեն մասնակցել է օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման քննարկումներին՝ ներկայացնելով դրանց վերաբերյալ Կոմիտեի դիրքորոշումները: Մասնավորապես՝ Կոմիտեն ուսումնասիրել է ավելի քան 84 իրավական ակտերի նախագծեր, իսկ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի 21 նախագծերի վերաբերյալ ներկայացրել է դիտողություններ և առաջարկություններ:
Կարևորելով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, Կոմիտեի գործունեության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդումը, կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքը՝ Կոմիտեի գործունեության մեկնարկից ի վեր իրականացվել են լայնածավալ լուսաբանման աշխատանքներ Կոմիտեի՝ օրենքով վերապահված հիմնական գործառույթների և ընթացիկ գործունեության իրազեկման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն կոմիտե
Адрес: г. Ереван, ул. Вагарш Вагаршяна 13а
Следите за нами в социальных сетях
Антикоррупционный комитет РА / 2024 © Авторские права защищены.