ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի պետ Ա. Ա.-ն, իր տեղակալի և նույն ստորաբաժանման աշխատակից Հ. Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառք տվողի օգտին գործողություններ կատարելու համար ստացել են խոշոր չափերի կաշառք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք Ա. Շ.-ին Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերում բացօթյա առևտրով զբաղվելու թույլտվություն տրամադրելու գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպելու, այն է՝ Ա. Շ.-ի նախընտրած վայրերում սրճեփ սարքերը տեղադրելուն և գործունեություն ծավալելու թույլտվություն տրամադրելու համար նրանից պահանջել են խոշոր չափի՝ ընդհանուր՝ 2700 ԱՄՆ դոլար կաշառք, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը:
Պայմանավորվածության համաձայն՝ Ա. Շ.-ն 2024 թվականի հուլիսի 28-ին Հ. Ս.-ին փոխանցել է 2700 ԱՄՆ դոլար կաշառք, որն էլ վերը նշված պաշտոնատար անձինք հաջորդ օրը աշխատավայրում բաժանել են միմյանց միջև:
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վերջիններիս կաշառք տալու համար Ա. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։