Մեծարգո՛ վարչապետ,
Հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի՛ աշխատակիցներ, ներկաներ
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակցի մասնագիտական տոնի առթիվ։
Այս երեք տարիները կարելի է բնորոշել որպես կառույցի կայացման ժամանակաշրջան, թեև կարծում եմ, որ կայացումը՝ կարողությունների զարգացման, նոր նշաձողեր սահմանելու և դրանք հաղթահարելու իմաստով, անընդհատ գործընթաց է: Այս տարիներին, մեր հիմնական գործունեությանը զուգահեռ, համալրել ենք Կոմիտեի անձնակազմը, բարելավել աշխատանքային պայմանները, բարձրացրել մասնագիտական գիտելիքների որակը, կատարելագործել օպերատիվ աշխատանքում կիրառվող հմտությունները, զինվել ենք տեխնիկապես, խորացրել հարաբերությունները հայաստանյան, արտասահմանյան և միջազգային գործընկերների հետ։ Նշածս աշխատանքներն այսօր էլ շարունակվում են ամենօրյա ռեժիմով։
2021 թվականից սկսած՝ ամեն հաջորդող տարում, Կոմիտեի կողմից իրականացվել է ավելի մեծ ծավալի աշխատանք, և դա բնական է ու հիմնականում պայմանավորված է կադրերի աստիճանական համալրմամբ, օպերատիվ և քննչական կարողությունների զարգացմամբ։ Բացառություն չէ նաև 2024 թվականը, ու թեև տարվա ցուցանիշները կամփոփենք եկող տարվա սկզբին, սակայն, օգտագործելով առիթը, ցանկանում եմ մի քանի թվային ցուցանիշ նշել՝ 9 ամսվա տվյալների վերլուծության հիման վրա։
Նշեմ, որ այս պահի դրությամբ Կոմիտեում թափուր է քննիչի ընդամենը 9 հաստիք, այսինքն՝ ինքնավար պաշտոնների հաստիքները համալրված են 89 %-ով։ Օպերատիվ–հետախուզական վարչության հաստիքներից համալրված է 64 %–ը։
Հաստիքների համալրման նպատակով գործունեության երեք տարիների ընթացքում Կոմիտեում անցկացվել է 23 մրցույթ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 514 դիմորդ։ Ընթացքում են 3 մրցույթներ, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 31 դիմորդ։
2024 թվականի 9 ամիսների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել 1896 քրեական վարույթով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1477 վարույթի դիմաց։
Նույն ժամանակահատվածում ավարտված վարույթները կազմել են 629՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 363-ի դիմաց։ Այսինքն՝ սույն թվականի 9 ամիսների ընթացքում քննվել են 419–ով կամ 24.8 %-ով ավելի վարույթներ, իսկ ավարտված վարույթների քանակը աճել է 266-ով կամ 73,3 %-ով։
Ավարտված վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 114–ը 250 անձանց վերաբերյալ։ Թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դատարան ուղարկված վարույթների թիվը նվազել է 20-ով կամ 15 %-ով, իսկ դատի տրված անձանց քանակը 36-ով կամ 12,6 %-ով, սակայն այս վիճակագրական տվյալներն ամենևին չեն վկայում քննության արդյունավետության նվազման մասին։ Նշված նվազումը պայմանավորված է բացառապես այս տարվա հաշվետու ժամանակահատվածում ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով, հիմնականում գործուն զղջալու պատճառաբանությամբ քրեական հետապնդումից հրաժարվելու դեպքերի մեծ աճով։ Այսպես՝ 2024 թվականի 9 ամիսների ընթացքում դատախազների կողմից ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդումը դադարեցվել է 428 անձի նկատմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 129 անձի դիմաց, որից 311-ը քրեական պատասխանատվությունից ազատվել են գործուն զղջալու հիմքով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել են 69 անձինք, այսինքն՝ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել են 242-ով ավելի անձինք, կամ աճը կազմել է 351 %։ Հարկ եմ համարում նշել, որ բոլոր այն վարույթներով, որոնցով որոշումներ են կայացվում ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու, կամ արդեն իսկ հարուցված հետապնդումը դադարեցնելու մասին, քննիչի կողմից կատարվում է նույն ծավալի քննություն, ինչը որ վարույթը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու դեպքում։ Այսինքն՝ քննությամբ ձեռք են բերվում ապացույցներ, որոնք իրենց համակցությամբ բավարար են մեղադրական եզրակացություն կազմելու համար, սակայն մեղադրվող անձի համաձայնությամբ պատճառված վնասը հատուցված կամ այլ եղանակով հարթված լինելու պարագայում, դատախազն իր բացառիկ լիազորությամբ՝ հիմնականում քննիչի միջնորդության հիման վրա, նշված անձանց ազատում է քրեական պատասխանատվությունից։ Անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու այս հիմքը ավելի հաճախ կիրառելու պրակտիկան, կարծում եմ, արդարացված է։ Սա, ըստ էության, մինչդատական գործարքի ձև է, որի շնորհիվ նվազում է և՛ դատարանների, և՛ դատախազների ծանրաբեռնվածությունը։
Քանի որ հաճախ է խոսվում այն մասին, որ կոռուպցիոն գործերով մեղադրական դատավճիռներ չեն կայացվում կամ քիչ են կայացվում, կցանկանամ ներկայացնել նաև մի քանի վիճակագրական տվյալներ այդ մասով ոչ միայն քննարկվող ժամանակահատվածի, այլ նաև նախորդ երկու տարիների կտրվածքով։
Սույն թվականի 9 ամիսների ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերից 21-ով կայացվել են մեղադրական դատավճիռներ, արդարացման դատավճիռներ չեն կայացվել։ Մնացած գործերը նախնական կամ հիմնական դատալսումների փուլում են։
2023 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 169 գործերից մեղադրական դատավճիռ է կայացվել 73-ով, 2-ով բոլորովին վերջերս առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել են արդարացման դատավճիռներ, որոնք, ըստ դատախազության մեր գործընկերների, բողոքարկվելու են /տեղեկատվությունը ճշտելու ժամանակ դեռևս չէին ստացել դատական ակտերը/։ Մեկ գործով 1 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական, 1 անձի վերաբերյալ՝ արդարացման դատավճիռ, որի դեմ արդարացման մասով բերվել է վերաքննիչ բողոք։ Բողոքի քննությունն ընթացքի մեջ է։ 9 քրեական գործով անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով՝ համաներման, վաղեմության ժամկետներն անցնելու, 84-ը գտնվում են դատական քննության փուլում։
2022 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 85 քրեական գործերից մեղադրական դատավճիռ է կայացվել 47-ով, 3-ով կայացվել են արդարացման դատավճիռներ, որոնք բոլորն էլ բողոքարկվել են, 2-ով արդարացման դատավճիռը ստացել է օրինական ուժ։ 1 գործով վերաքննիչ դատարանը դատախազի բողոքը բավարարել է, գործը դատական քննության փուլում է։ 1 գործով՝ 2 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական, 1 անձի վերաբերյալ՝ արդարացման դատավճիռ, որը արդարացման մասով վերաքննիչ դատարանի կողմից դատախազի բողոքի հիման վրա բեկանվել է։ 6 քրեական գործով քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով՝ համաներման, վաղեմության ժամկետներն անցնելու: 28-ը գտնվում են դատական քննության փուլում։
Իրականում խնդրահարույց է, որ 2022 և 2023 թվականներին դատարան ուղարկված քրեական գործերի գրեթե կեսով առաջին ատյանի դատարանում դեռևս դատական ակտեր չեն կայացվել։
Կոմիտեում քննվող՝ ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով միայն 2024 թվականի ընթացքում՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ, պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր վնասից դրամական տեսքով փաստացի վերականգնվել է 628.257.462 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 305.891.952 ՀՀ դրամ, համայնքին՝ 322.365.510 ՀՀ դրամ, 15 անշարժ գույքերի տեսքով վերականգնվել է 823.387.025 ՀՀ դրամ:
Ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով 2024 թվականի ընթացքում արգելանք է դրվել.
անշարժ գույք՝ 32 միավոր՝ 417.518.247 ՀՀ դրամ ընդհանուր կադաստրային կամ հավանական շուկայական արժեքով, իրեղեն ապացույց ճանաչված անշարժ գույք՝ 78 միավոր՝ 8.183.584.139 ՀՀ դրամ ընդհանուր կադաստրային կամ հավանական շուկայական արժեքով,
15 միավոր տրանսպորտային միջոց՝ 42.103.272 ՀՀ դրամ ընդհանուր հավանական շուկայական արժեքով,
դրամական միջոցներ՝ 272.574.050 ՀՀ դրամ։
Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ Կոմիտեի քննիչների կողմից քրեական վարույթների քննության արդյունքներով համապատասխան պաշտոնատար անձանց ներկայացվել են 86 միջնորդագրեր։
Սույն թվականի 9 ամիսների ընթացքում կոմիտեում ստացվել և քննարկվել է 4051 դիմում, հաղորդում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 2739-ի դիմաց, այսինքն՝ 1312-ով կամ շուրջ 48 տոկոսով ավելի։
Կոմիտեի կազմում գործող օպերատիվ–հետախուզական ստորաբաժանման կողմից նույնպես իրականացվել են ծավալուն աշխատանքներ։ Քանի որ գործունեության մեծ մասի վերաբերյալ տվյալները հրապարակման ենթակա չեն, կնշեմ որոշ ոչ գաղտնի ցուցանիշներ։ Օպերատիվ–հետախուզական ստորաբաժանման կողմից իրականացվել է 299 ձերբակալություն, քրեական վարույթներով դատարանի թույլտվությամբ կատարվել է 231 գաղտնի քննչական գործողություն, ներկայացվել հանցագործության վերաբերյալ 68 հաղորդում: Օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցները մասնակցել են Կոմիտեի քննիչների կողմից իրականացվող մեծ թվով խուզարկությունների, զննությունների, այլ քննչական գործողությունների։ Երեք տարվա կտրվածքով գնահատելով միևնույն մարմնում օպերատիվ և քննչական կարողությունների մեկտեղման արդյունավետությունը՝ կարող ենք միանշանակ փաստել, որ օպերատիվ ծառայության և քննչական ստորաբաժանումների ընդհանուր ղեկավարումը մի կենտրոնից, նրանց մշտական փոխգործակցությունը տալիս է շոշափելի արդյունք գրեթե բոլոր դեպքերում։ Օպերատիվ հաստիքների ամբողջական համալրման, տեխնիկական բազայի արդիականացման արդյունքում կունենանք ավելի լավ արդյունքներ։
Կոռուպցիայի կանխարգելման, դրա դեմ պայքարում մեծ է նաև հակակոռուպցիոն կրթության և դաստիարակության դերը, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև Կոմիտեում։ Վերջին երկու տարվա ընթացքում կազմակերպվել է 10 հանդիպում Երևանի պետական համալսարանի իրավագիտության, քաղաքագիտության, ժուռնալիստիկայի ֆակուլտետների, Հայաստանի Եվրոպական համալսարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի իրավագիտության ամբիոնների ուսանողների, ինչպես նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կրթական ծրագրերի շրջանավարտների և Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հետ: Ուսանողների, ինչպես նաև լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումներ ու հանդիպումներ են կազմակերպվել նաև ԲՈՒՀ-եր և այլ հաստատություններ արտագնա այցերի ձևաչափով:
Հիշյալ ճանաչողական այցերի ընթացքում քննարկումներ են ծավալվել կոռուպցիայի, դրա տեսակների ու պատճառների, տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերի, դրանց կանխարգելման ու պայքարի արդի մեխանիզմների, ինչպես նաև այդ երևույթի հանրային ընկալման, հակակոռուպցիոն կրթության կարևորության և իրավական թեմաների լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ:
Կոմիտեում մեծ ուշադրություն է դարձվում նաև աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը։ 2024 թվականի ընթացքում Կոմիտեի քննիչները և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ծառայողները մասնակցել են 11 վերապատրաստման դասընթացի, որոնցից 7-ն անցկացվել է Հայաստանի Հանրապետությունում, իսկ 4-ը՝ արտերկրում: Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված վերապատրաստումներին մասնակցել է Կոմիտեի 37 ծառայող, իսկ արտերկրում կազմակերպված վերապատրաստումներին՝ 10 ծառայող:
Առիթն օգտագործելով՝ կցանկանայի մի փոքր վերլուծություն ներկայացնել նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շարժընթացում տեղի ունեցող երևույթների մասին։ Վերլուծությունը կներկայացվի վերջին երեք տարիների համար, քանի որ կոռուպցիոն հոդվածների ցանկի փոփոխության պայմաններում նախորդ տարիների վիճակագրության հետ համադրելը կհանգեցնի մեթոդական սխալների և անճշտությունների։
Այսպես՝ ըստ ՀՀ ՆԳՆ ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ ՀՀ–ում 2022 թվականին գրանցվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 898 դեպք։ 2023 թվականին այդ թիվը աճել է 56.3 %-ով՝ գրանցվել է 1404 դեպք, ընդ որում՝ 2023 թվականի 9 ամիսների տվյալներով գրանցվել է 1088 դեպք։ Սույն թվականի 9 ամիսների տվյալներով՝ կոռուպցիոն դեպքերի քանակը 892 է, այսինքն՝ հանցագործությունների թվի ընդհանուր աճի ֆոնին կոռուպցիոն բնույթի հանցագործությունները նվազել են 196-ով։ Ինչպես հայտնի է, կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազումը ըստ իրավական վիճակագրության ոսկե կանոնի, չպետք է դիտարկվի որպես դրական ցուցանիշ, իհարկե, եթե այդ նվազումը օբյեկտիվ չէ։ Իսկ այդ նվազումը օբյեկտիվ է, թե ոչ, այսինքն՝ նվազումը ռեալ է, թե պայմանավորված է այդ ոլորտում տարվող աշխատանքների պասիվացմամբ, այդ հարցին կարող ենք փորձել պատասխանել գրանցված դեպքերի անհատական վերլուծության արդյունքում։ Այսպես՝ նվազումը գրանցվել է հիմնականում հետևյալ հանցատեսակներում՝ կաշառք տալը՝ 88-ով (121-209), ստանալը ՝ 27-ով (180-207), պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելը կամ անցնելը 49-ով՝ (273-322), պաշտոնեական կեղծիքը 37–ով (85-122)։
Կոմիտեում անցած տարվա ընթացքում քննված գործերի վերլուծությունը ցույց է տալիս, որ կոռուպցիոն դեպքերի՝ անցած տարի գրանցված աննախադեպ աճը հիմնականում պայմանավորված է ընդամենը 8 քրեական վարույթով հանցագործության 211 դրվագի բացահայտմամբ, երբ յուրաքանչյուր դրվագով կատարված հանցանքը որոշ դեպքերում որակվել է հանցագործությունների համակցության կանոններով և ՀՀ ՆԳՆ ինֆորմացիոն կենտրոնում հաշվառվել է որպես ինքնուրույն դեպք։ Այսպես, օրինակ, մեկ դրվագով կաշառքի դիմաց պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով իրականում առկա է երեք հանցանք՝ կաշառք տալը, կաշառք ստանալը և պաշտոնեական կեղծիք։ Ու թեև հանրության ընկալմամբ դա մեկ հանցանք է, սակայն վիճակագրորեն հաշվառվում է որպես հանցագործության երեք դեպք, և իմ կողմից նշված 211 դրվագով իրականում հաշվառվել են հանցագործության շատ ավելի դեպքեր։ Միաժամանակ կարող ենք հաստատապես արձանագրել, որ ունենք իրական նվազման միտում կոնկրետ ոլորտներում։ Այսպես՝ եթե 2023 թվականին ունեինք քաղաքացու կողմից պարեկին կաշառելու փորձի 45 դեպք, իսկ 9 ամիսների տվյալներով նախորդ տարի ունեցել ենք նման 30 դեպք, ապա այս տարվա 9 ամիսների ընթացքում արձանագրվել է այդպիսի 12 դեպք, այսինքն՝ ունենք դեպքերի նվազում 60 տոկոսով։ 2023 թվականին հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ընդամենը 4 քրեական վարույթով բացահայտվել էր ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ 92 դրվագ։ Սույն թվականի 9 ամիսների ընթացքում քննվել է պարեկների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ ընդամենը 2 վարույթ՝ մեկական դրվագով։ Իհարկե հեռու եմ այն մտքից, որ հայտնաբերել ենք բոլոր նման դեպքերը, բայց պետք է խոստովանենք, որ այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումները օբյեկտիվորեն շեշտակի նվազել են։
Դրականն արձանագրելով՝ չենք կարող չխոստովանել, որ դեռևս շատ են կոռուպցիոն դրսևորումները հանրային կյանքի մի շարք բնագավառներում և արդարացի են հանրության դժգոհություններն այս առումով։ Միայն այս տարվա 9 ամիսներին քննված քրեական 7 վարույթներով բացահայտվել են կաշառք ստանալու 59 դրվագ՝ վարորդական վկայականներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար։ Դեռևս բազմաթիվ են կոռուպցիոն դրսևորումները զինվորական ծառայության զորակոչի գործընթացքում։ Այս տարվա ընթացքում Կոմիտեում քննվել է կաշառքի դիմաց զինվորական ծառայության զորակոչից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ 34 քրեական վարույթ, 6 քրեական վարույթ 23 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատարան։ Դատի են տրվել պաշտպանության նախարարության բարձրաստիճան ծառայողներ, բժիշկներ։ Բացահայտվել են կոռուպցիոն բազմաթիվ դեպքեր թե՛ պետական կառավարման, թե՛ տեղական ինքնակառավարման համակարգերում։ Հուսով ենք, որ եկող տարի, շնորհիվ կատարված աշխատանքների, այս բնագավառներում նույնպես կունենանք կոռուպցիոն դեպքերի օբյեկտիվ նվազում։
Բնական է, որ մենք չենք կարողանում բացահայտել կոռուպցիայի բոլոր դեպքերը, երբեմն նաև դատի տալու համար բավարար ապացույցներ ձեռք չեն բերվում այնպիսի գործերով, երբ հանրային ընկալմամբ, իրավաբանական խորը գիտելիքներ չունեցող կողմնակի դիտորդի աչքերով հանցանքն ակնհայտ է, իսկ անձի մեղավորությունը՝ ապացուցված։ Այդ ամենն իրավացիորեն հարուցում է արդարության պահանջով մեզ դիմած անձանց, կամ պարզապես օրինապահ քաղաքացու արդարացի զայրույթը, առաջացնում հիասթափություն իրավապահ համակարգի աշխատանքից և որպես հետևանք՝ անվստահություն պետության նկատմամբ։ Այս ամենի խորը գիտակցումով՝ պետք է կրկնապատկենք ջանքերը, աշխատենք ավելի շատ ու ավելի լավ՝ կոռուպցիայից զերծ երկիր ունենալու համար, սակայն որպեսզի արդյունքը լինի շոշափելի, դեպքերի բացահայտումից, որակյալ քննությունից զատ, անհրաժեշտ է նաև արագ արդարադատություն, արդարացի, այսինքն՝ հանցանքը կատարողի անձին և կատարած արարքի հանրային վտանգավորությանը համապատասխան պատժի նշանակում։
Ամփոփելով ելույթս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, անձամբ Ձեզ, պարոն վարչապետ՝ Կոմիտեի կայացման գործում ներդրած ջանքերի, Կոմիտեի խնդիրներին միշտ ականջալուր լինելու և մեզ աջակցելու համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայաստանյան, արտասահմանյան և միջազգային գործընկերներին՝ համագործակցության և օժանդակության համար։ Շնորհակալ եմ Կոմիտեի բոլոր աշխատակիցներին նվիրված ու անտրտունջ աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև օրինապահ պաշտոնյաներին ու քաղաքացիներին՝ իրավահպատակ վարքագիծ դրսևորելու համար։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։