ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձի կողմից ԻԻՀ քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ Մեղրիի մաքսակետի մաքսային տեսուչ Վ. Մ.-ն 2024 թվականի ապրիլի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետությունից տարբեր տեսակի և քանակությամբ ապրանքներ ՀՀ տեղափոխող բեռնատարների 11 վարորդների իրավունքները ոտնահարելու սպառնալիքով նրանցից պարբերաբար կաշառք է ստացել: Մասնավորապես՝ ՊԵԿ մաքսային տեսուչը նշված վարորդների բեռնատար տրանսպորտային միջոցներն ու բեռները անհարկի սպասեցնելու և այդ կերպ ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղեկցող փաստաթղթերում և էլեկտրոնային տեղեկատվական համակարգում նշումներ կատարելու գործընթացում խոչընդոտներ ստեղծելու սպառնալիքով նրանցից պահանջել և ստացել է մանր չափի կաշառք:
Կաշառք ստանալու համար ՊԵԿ մաքսային տեսուչ Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (11 դրվագ):
Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։