Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները, այդ թվում՝ կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ու կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ, Տնտեսական իրավունքի կենտրոնի ղեկավար Մովսես Արիստակեսյանը, 01.03.2024 թվականին հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում՝ համատեղ հետաքրքրության շրջանակի առնչվող, ինչպես նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հակակոռուպցիոն օրենսդրության կատարելագործմանը, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ենթակայությանն առնչվող հարցերը: Անդրադարձ է եղել նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից արձանագրված արդյունքներին, կադրերի ընտրության, համալրման և վերապատրաստման գործընթացներին, ազդարարման համակարգին առնչվող հարցերին, ինչպես նաև նախաքննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով վերջին շրջանում ներկայացված օրենսդրական նախաձեռնություններին:
Հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել Կոմիտեի կարողությունների հզորացման, հակակոռուպցիոն կրթության զարգացման և իրազեկվածության բարձրացման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Դիտարկվել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև համագործակցությունն ավելի ամրապնդելու հնարավորությունները:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։