ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին:
Սասուն Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված արդյունքներին՝ նշելով, որ 2022 թվականի համեմատ 2023 թվականին Կոմիտեի վարույթում քննված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի թիվն աճել է 98,8 տոկոսով, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 96,5 տոկոսով, ինչը պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմամբ և բացահայտումների աճով:
Ռիչարդ Նեֆյուն, ով նաև նախագահել է նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ Ատլանտա քաղաքում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 10-րդ նստաշրջանը, Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին շնորհակալություն է հայտնել այդ համաժողովում Հայաստանի կողմից լուրջ և բարձրաստիճան ներկայացուցչություն ապահովելու համար և նշել, որ այժմ արդեն պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն համաժողովի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ընդունված բանաձևերի իրագործման ուղղությամբ: Ռիչարդ Նեֆյուն միաժամանակ ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը՝ հաշվի առնելով, որ կոռուպցիան ինքնին միջազգային մակարդակի համընդհանուր խնդիր է, որը լուծելու համար համատեղ կամք և ջանքեր են պահանջվում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև քննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցող սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտությանը: Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) միջոցով շարունակել աջակցությունը Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման և ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման ուղղությամբ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։