ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:
Նշելով, որ բարձր է գնահատում ճապոնացի գործընկերների հետ համագործակցային կապերի խթանումը՝ Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դեսպանին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում համատեղ արդյունավետ ծրագրեր կիրականացվեն ճապոնացի գործընկերների հետ իրավապահ ոլորտում փոխգործակցության խորացման և ամրապնդման ուղղությամբ:
Դեսպան Ֆուկուշիման ընդգծել է, որ կոռուպցիայի կանխարգելումն ու կոռուպցիայի դեմ տարվող պայքարն այն գլխավոր գործոններն են, որոնք նպաստում են երկրի արագ զարգացմանն ու ժողովրդավարության կայացմանը, ուստի այդ տեսանկյունից շատ դրական է գնահատում Հայաստանում Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը: Հաշվի առնելով, որ Ճապոնիայում հակակոռուպցիոն քաղաքականությունը բավականին զարգացած է, դեսպանը վստահեցրել է, որ երկու երկրները կարող են արդյունավետ համագործակցել այդ ոլորտում:
Սասուն Խաչատրյանը դեսպանին վստահեցրել է, որ մեր երկրում նույնպես կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվում, և հետզհետե հասարակության շրջանում արմատավորվում է պատասխանատվության անխուսափելիության գաղափարը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման, փոխադարձ այցերի և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։