Մեծարգո՛ վարչապետ,
հարգելի՛ հյուրեր,
Հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի՛ աշխատակիցներ
Այսօր Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն դարձավ երկու տարեկան։ Այդ կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։ Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումը և կայացումը կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության առանցքն է։ Որպես այդ համակարգի կարևոր բաղկացուցիչ մաս, 2021 թվականի այս օրը Հակակոռուպցիոն կոմիտեն սկսեց իր գործունեությունը։ Անցած երկու տարիները կարելի է բնորոշել որպես կառույցի կայացման ժամանակաշրջան, և այսօր կարող ենք վստահորեն ասել, որ նորաստեղծ իրավապահ մարմինն ամբողջ ծավալով իրականացնում է իր գործառույթները։ Ասածս ամենևին չի նշանակում, որ լուծված են կառույցի առջև դրված բոլոր խնդիրները։ Անկեղծ լինելու համար պետք է նշեմ, որ դեռևս համալրված չեն բոլոր հաստիքները /քննիչների հաստիքներից համալրված չեն 31-ը, օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումում՝ 63/, ինչի պատճառով աշխատում ենք շատ մեծ ծանրաբեռնվածությամբ: Շարունակվում է կառույցը տեխնիկապես հագեցնելու գործընթացը, մշակման փուլում են գտնվում մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք կոմիտեի գործունեությունն ավելի արդյունավետ կդարձնեն։ Սրա հետ մեկտեղ կարող եմ գոհունակությամբ նշել, որ 2023 թվականի 9 ամիսներին կատարված աշխատանքի ամփոփումը և կոռուպցիոն հանցագործությունների վիճակագրության վերլուծությունը հիմք են տալիս պնդելու, որ կա շոշափելի առաջընթաց այդ բնույթի հանցագործությունների հայտնաբերման և քննության ոլորտում։ Այսպես՝ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1088 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 606 դեպքի համեմատ, այսինքն՝ աճը կազմել է 482 դեպք, կամ 79.5 տոկոս։ Ընդհանուր առմամբ կոմիտեում 9 ամիսների տվյալներով քննվել է 1498 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 861 վարույթի համեմատ, այսինքն՝ վարույթում եղած գործերը ավելացել են 637–ով կամ 74 տոկոսով: 2023 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացիներից ստացվել և քննարկվել է 1903 դիմում–բողոք։ Իրավական վիճակագրության՝ դասագրքային համարվող կանոնի համաձայն՝ հանցավորության վիճակը գնահատելիս լատենտային բնույթ կրող հանցագործությունների դեպքերի աճը, ինչպիսիք են կոռուպցիոն հանցագործությունները, պետք է դիտարկվի որպես դրական երևույթ, այսինքն՝ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե կոռուպցիոն դեպքերի իրական աճի, ինչպես թյուրիմացաբար կարող է ընկալվել, այլ այս ոլորտում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման հետ։ Որպեսզի ի սկզբանե հերքենք այն հնարավոր վարկածը, որ վարույթների աճը կարող է հետևանք լինել քրեական դատավարության օրենսդրության փոփոխությամբ պայմանավորված նյութերի նախապատրաստման փուլի վերացմամբ, կցանկանամ նշել մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված, ինչպես նաև ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով դադարեցված քրեական հետապնդումների և կարճված վարույթների վերաբերյալ վիճակագրական տվյալները։ Ըստ էության ոչ ռեաբիլիտացիոն հիմքով քրեական հետապնդման դադարեցումը՝ քրեաիրավական իմաստով պատժի և դատվածության կոմպոնենտը չհաշված, ունենում է գրեթե նույն իրավական հետևանքները, ինչ մեղադրական դատավճիռը։ Հիմնական արդյունքը՝ պատճառված գույքային վնասի նախաքննության ընթացքում վերականգնումն է կամ կայացված և օրինական ուժ ստացած որոշումների հիման վրա դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցումը, որի վերջնարդյունքը ապօրինի դուրս բերված միջոցների՝ պետության կամ համայնքի ֆոնդ վերադարձն է։ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննված և ներկայում քննվող գործերով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից նախաձեռնվել է 42 վարույթ:
Անցած 9 ամիսների ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 134 քրեական վարույթ 286 անձի վերաբերյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68 վարույթ 166 անձի համեմատ, այսինքն՝ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների թիվը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա 9 ամիսների համեմատ ավելացել է 66-ով կամ 97 տոկոսով, իսկ դատի տրված անձանց թիվը 120-ով կամ 72 տոկոսով։ Ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով կարճվել է 25 վարույթ 122 անձի նկատմամբ՝ նախորդ տարվա 11 վարույթ 45 անձի համեմատ, այսինքն՝ աճը կազմել է 14 դեպք կամ 127 տոկոս վարույթների մասով և 77 անձ կամ 171 տոկոս՝ անձանց մասով։
Դատարան ուղարկված գործերով 286 անձանցից
52-ը մեղադրվել են կաշառք ստանալու,
117-ը՝ կաշառք տալու,
9-ը՝ կաշառքի միջնորդության համար
14-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու /այն դեպքերն են երբ լիազորությունների անցումը կամ չարաշահումը զուգորդված չի եղել կաշառք ստանալու հետ, իսկ համակցության պարագայում անձինք հաշվառվել են կաշառք ստանալու տողում/
15-ը՝ պաշտոնեական կեղծիքի,
58-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակության համար
3–ը՝ փողերի լվացման
18-ը՝ այլ կոռուպցիոն հանցանքներ կատարելու համար։
Այս տարվա ընթացքում ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է 12.297.149.000 դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 110.713.000 դրամը և կալանք է դրվել 12.342.032.000 դրամի գույքի վրա։ Նշեմ, որ խոսքը վերաբերում է միայն ավարտված գործերով գույքային վնասին և վերականգնմանը, իսկ ներկա փուլում անավարտ վարույթներով վերականգնված գումարը կազմում է 982.297.000 դրամ, այսինքն՝ հաշվետու շրջանում վարույթում եղած գործերով վերականգնված գումարը կազմել է 1.093.011.000 դրամ։ Վերջին վերականգնումն ունեցել ենք հոկտեմբերի 17-ին՝ մեկ քրեական վարույթով վերականգնվել է 280.254.000 դրամ։
Հաշվետու ժամանակաշրջանում զգալի աշխատանք է կատարել և բավականին լավ ցուցանիշներ է արձանագրել նաև կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումը։ Նկատի ունենալով, որ այս ստորաբաժանման գործունեությունը հիմնականում հրապարակման ենթակա չէ, կնշեմ միայն այն ցուցանիշները, որոնք կարող ենք բարձրաձայնել։ Այսպես՝ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստորաբաժանման կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից հարուցվել է 40 քրեական վարույթ, քննիչների հանձնարարությամբ ստորաբաժանումն իրականացրել է 144 գաղտնի քննչական գործողություն, 196 անձի ձերբակալություն, աջակցել է քննիչների կողմից իրականացվող 389 վարութային գործողությունների կատարմանը։ Ակնկալում ենք, որ օպերատիվ ստորաբաժանման հաստիքների ամբողջական համալրման և անընդհատ իրականացվող ուսուցման, տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացման հետ արդյունքները կլինեն ավելի տպավորիչ։
Ազնիվ չէր լինի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումների նման աճը վերագրել միայն կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Իրականում նման ցուցանիշների համար հիմք հանդիսացած նախադրյալները կարելի է պայմանականորեն բաժանել երեք հիմնական խմբի․
առաջինը՝ իրավապահ մարմինների գործունեության բարելավում: Կոմիտեի պարագայում կարևորում ենք քննչական և օպերատիվ աշխատանքների համակարգումը մի կենտրոնից, որն անկասկած ավելի արդյունավետ է դարձնում քննությունը,
երկրորդը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների կողմից մարմնի ներսում կամ քաղաքացիների հետ շփումներում առկա կոռուպցիոն երևույթների մասին ավելի հաճախ բարձրաձայնելու միտումը, որը նույնպես իր հերթին պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ այդ մարմիններում կատարված ռեֆորմներով ու նաև պատասխանատվության անխուսափելիության գիտակցման արմատավորմամբ,
և երրորդ՝ հանրության կողմից իրավապահ մարմինների նկատմամբ վստահության աճով, երբ թե՛ առերևույթ հանցանքից տուժած անձինք են ավելի հաճախ դիմում իրավապահ մարմիններին, և թե՛ գործի ելքով չշահագրգռված անձինք բարձրաձայնում են այս կամ այն կոռուպցիոն երևույթի մասին։
Որպես ասածիս ապացույց՝ կցանկանայի խոսել վերջին տարիներին պարեկային ծառայության գործարկումից հետո սկիզբ առած մի գործընթացի մասին, երբ պարեկային ծառայության աշխատակիցներն իրենք են ձերբակալում կաշառք տալ փորձող քաղաքացիներին և ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտե։ Այսպես՝ կոմիտեի գործունեության երկու տարիների ընթացքում պարեկային ծառայության կողմից իրականացվել է նման 64 ձերբակալություն, որից 28-ը` 2022 թվականի ընթացքում, իսկ 36–ը՝ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում։ Նշված բոլոր դեպքերում հարուցվել են քրեական վարույթներ, դատի են տրվել 2022 թվականին 16 անձինք, իսկ այս տարվա 9-ը ամիսների ընթացքում՝ 32 անձինք։ Նման դեպքերը մենք լայնորեն լուսաբանում ենք կոմիտեի կայքէջում, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի միջոցով, ինչը, կարծում եմ, նույնպես պետք է ունենա կանխարգելիչ նշանակություն։ Լեգիտիմորեն առաջացող այն հարցադրմանը, թե արդյոք նման դեպքեր նախկինում՝ մինչև պարեկային ծառայության ներդրումը, ասենք՝ նախորդող 10-ը տարիներին եղել են, կարող եմ ասել, որ նման վիճակագրություն թեև չի վարվել, սակայն ոչ ես, ոչ էլ հատուկ քննչական ծառայությունում մոտ մեկ տասնամյակ պաշտոնավարած, այս դահլիճում ներկա իմ գործընկերները, այդպիսի դեպք չենք մտաբերում։ Նշված երևույթն իրոք աննախադեպ է և գալիս է ապացուցելու քիչ առաջ բարձրաձայնված այն պնդումը, որ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի աճը միանշանակորեն պետք է ընկալվի որպես դրական ցուցանիշ։
Գաղտնիք չէ, որ ցանկացած ասպարեզում հաջողության գրավականը մի շարք բաղադրիչների միաժամանակյա առկայությունն է։ Պատշաճ նորմատիվ իրավական բազայի, կոմպետենտ, բարեվարք, իրենց առաքելությանը նվիրված կադրերի և աշխատանքի համապատասխան պայմանների առկայությունը անխուսափելիորեն կհանգեցնի նշանակալի արդյունքների։ Ինչպես արդեն նշեցի, մեր կողմից մշտապես աշխատանքներ են կատարվում՝ ուղղված ճյուղային օրենսդրության կատարելագործմանը, մեծ ուշադրություն է դարձվում կադրերի ընտրությանը՝ մասնագիտական կարողություններից զատ կարևորելով հավակնորդների առաքինությունը, և դա է պատճառներից մեկը, որ դեռևս ամբողջությամբ համալրված չեն կոմիտեի հաստիքները։ Մինչ օրս կոմիտեի պաշտոնների համալրման համար հայտարարված 16 մրցույթներին մասնակցելու համար դիմել են 399 թեկնածուներ, որոնցից միայն 125-ին է հաջողվել հաղթահարել մրցութային բոլոր փուլերը և հաղթող ճանաչվել։ Աշխատակիցների ուսուցումը, վերապատրաստումները կրում են պերմանենտ բնույթ, և այստեղ օգտագործվում են թե՛ տեղական կարողությունները, և թե՛ արտասահմանյան մեր գործընկերների, միջազգային կազմակերպությունների կարողությունները։ Աշխատանքային պայմանների բարելավման, այդ թվում՝ ծառայության տեխնիկական հագեցվածության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ աշխատանքները նույնպես անընդհատ են։
Արդյունավետ կերպով համագործակցում ենք ՄԱԿ զարգացման ծրագրի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի միության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի, Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի, Ավստրիայի կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի, Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հետ:
Կազմավորման օրվանից մինչև օրս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված 25 մասնագիտական վերապատրաստման դասընթացների, որոնցից 12-ն իրականացվել են այս տարի։ Սույն թվականի նոյեմբերին ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների համար կազմակերպվելու է օպերատիվ աշխատանքի հմտություների զարգացմանն ուղղված դասընթաց:
Այս ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները մասնակցել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Չեխիայում, Խորվաթիայում, Ալբանիայում, Վրաստանում, Ղազախստանում և Հունգարիայում կազմակերպված 12 դասընթացների, որոնք վերաբերել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությանը, քրեական հետապնդմանը, հակակոռուպցիոն բարեփոխումների փորձի ուսումնասիրությանը, ֆինանսական քննություններին և միջազգային իրավական փոխօգնությանը, ինչպես նաև արտերկրում իրականացված 5 հանդիպումների, աշխատաժողովների և նստաշրջանների:
Սույն թվականի նոյեմբերի 17-ին Հռոմում նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հետ՝ երկկողմ անմիջական համագործակցության ապահովման նպատակով: Համանման հուշագիր 2022 թվականին ստորագրվել է նաև ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային բյուրոյի հետ։
Հուշագրեր կնքելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում նաև օտարերկրյա պետությունների համանման գործառույթներ իրականացնող այլ մարմինների՝ մասնավորապես Չինաստանի ազգային վերահսկողական հանձնաժողովի և Վրաստանի ազգային անվտանգության ծառայության հետ:
Կոմիտեն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մյուս մարմինների իր գործընկերների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, և ապագայում էլ նախատեսում ենք այդ համագործակցությունը խորացնել և ընդլայնել փոխգործակցության դաշտը։ Մենք մշտապես զգում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը՝ լուծելու կոմիտեի առջև ծառացող խնդիրները, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և անձամբ Ձեզ, պարոն վարչապետ։
Ամփոփելով խոսքս՝ կրկին շնորհավորում եմ բոլորիս Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման տարեդարձի կապակցությամբ և հավաստիացնում եմ, որ կոմիտեն այսուհետ ևս իր իրավասությունների շրջանակում անելու է հնարավորը՝ օրենքի գերակայությունն ապահովելու, օր առաջ կոռուպցիայից զերծ երկիր ունենալու համար։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։