ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են հիշյալ տեսչական մարմնի, ինչպես նաև ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու նոր դրվագներ:
Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի հունվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչ Մ. Հ-ն Երևան-Մեղրի մայրուղու՝ Սիսիան համայնքի հատվածում տեղակայված ՔՏՀԱ տեսչական մարմնի անշարժ հենակետի տարածքում ծառայություն իրականացնելիս ՀՀ քաղաքացի Մ. Թ.-ից կաշառք է ստացել՝ վերջինիս վարած գերբեռնված տրանսպորտային միջոցն առանց կշռման և առանց խոչընդոտների հենակետով անցկացնելու համար:
ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Գ. Հ.-ն էլ, ընդգրկված լինելով անշարժ հենակետի հերթափոխում և գտնվելով կշռման կետում, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է՝ միջոցներ չի ձեռնարկել Մ. Թ.-ի վարած՝ պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, գերբեռնված բեռնատարը կանգնեցնելու և կշռելու ուղղությամբ և ըստ այդմ` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմել, որի արդյունքում Մ. Թ.-ն տուգանքի չի ենթարկվել:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Հ. Բ.-ն ՔՏՀԱ տեսչական մարմնի վերը նշված նույն հենակետի տարածքում ծառայություն իրականացնելիս, ՀՀ քաղաքացի Մ. Թ.-ի, ինչպես նաև ԻԻՀ երկու քաղաքացիների վարած գերբեռնված տրանսպորտային միջոցներն առանց կշռման և առանց խոչընդոտների հենակետով անցկացնելու համար կաշառք է ստացել Մ. Թ.-ից, իսկ նույն դասակի ոստիկան Կ. Հ-ն էլ դրդել է Մ. Թ.-ին՝ խմբով կաշառք տալ ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակցին:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2023 թվականի փետրվարի 23-ին «MAN» բեռնատարի վարորդ Կ. Մ.-ն բեռների կշռման վերը նշված հենակետն առանց խոչընդոտի անցնելու և իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու, այն է՝ ապօրինի անգործության դիմաց, հիշյալ հենակետի հերթափոխում ընդգրկված ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Ա. Մ.-ին խոստացել է կաշառք տալ:
10.10.2023թ. ՊՊԾ դասակի ոստիկաններ Հ. Բ.-ն և Կ. Հ-ն, ՃՈ տեսուչ Մ. Հ-ն, ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Գ. Հ.-ն, ինչպես նաև բեռնատարի վարորդ Կ. Մ.-ն ձերբակալվել են:
Կաշառք ստանալու համար Հ. Բ.-ին և Մ. Հ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ընդհանուր առմամբ՝ հիշյալ քրեական վարույթով ներկայում 11 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։