Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կրթական ծրագրերի շրջանավարտների հերթական ճանաչողական այցն է կազմակերպվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրանց ընդունել է Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
Շրջանավարտները Կոմիտեի նախագահի հետ զրուցել են Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների, ծրագրերի ու առկա մարտահրավերների, ինչպես նաև կոռուպցիայի տեսակների ու պատճառների, տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու հետևանքների, դրանց կանխարգելման ու պայքարի արդի մեթոդների շուրջ:
Սասուն Խաչատրյանը, պատասխանելով շրջանավարտներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել է կոմիտեի նախորդ երկու տարվա գործունեության արդյունքներին, կադրերի համալրման գործընթացին ու չափորոշիչներին: Կոմիտեի նախագահը մասնավոր դեպքերի օրինակներով նրանց ներկայացրել է քննչական և օպերատիվ աշխատանքի բնույթը, խոսել բացահայտումների ցուցանիշներից՝ թվարկելով կոռուպցիոն դեպքերի բացահայտման արդյունավետությանը նպաստող գործոնները, ինչպես նաև անդրադարձել առկա կարգավորումներին, այդ թվում՝ Կոմիտեի կողմից վերջերս մշակված մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններին:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցությանը և կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր երկրների իրավապահ կառույցների հետ տարվող աշխատանքներին։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։