ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Խ. Ա.-ն, 2013-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը, նույն բաժանմունքի աշխատակիցների օժանդակությամբ և հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձանց կազմակերպմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով գումարներ, ինչպես նաև կեղծել պաշտոնական փաստաթղթեր։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Խ. Ա.-ն 2013 թվականի հունիսի 29-ից 2018 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում ֆիզիկական և իրավաբանական 42 անձանց հետ կնքել է օբյեկտների պահպանության իրականացման մասին պայմանագրեր, որոնց հիման վրա պահպանության բաժանմունքի ծառայողներն ամսական վարձավճարների դիմաց իրականացրել են տվյալ օբյեկտների պահպանությունը: Նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պետի պաշտոնը հաջորդաբար զբաղեցրած Ռ. Մ.-ն, Վ. Մ.-ն և Ա. Զ.-ն՝ յուրաքանչյուրն իր հերթին, Խ. Ա.-ին հրահանգել են հիշյալ պայմանագրերի հիման վրա տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվելիք վարձավճարներից հափշտակել գումարներ՝ իրենց տալով հափշտակված գումարներից ամսական մասնաբաժին՝ երաշխավորելով, որ հափշտակությունը չի բացահայտվի:
Խ. Ա.-ն, չունենալով կանխիկ գործարքներ իրականացնելու իրավունք, հիշյալ տնտեսվարող սուբյեկտների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն՝ պայմանագրերով նախատեսված վարձավճարները համապատասխան հաշվեհամարներին փոխանցելու փոխարեն առձեռն իրեն տրամադրելու վերաբերյալ: Այնուհետև Խ. Ա.-ն նույն բաժանմունքի ջոկի հրամանատար Ա. Ա.-ին հանձնարարել է մատուցված պահպանության ծառայության դիմաց տնտեսվարող սուբյեկտներից ամսական գանձվող գումարները ստանալ առձեռն և փոխանցել իրեն: Ըստ այդմ՝ Ա. Ա.-ն Խ. Ա.-ի հանձնարարությամբ յուրաքանչյուր ամիս հիշյալ տնտեսվարող սուբյեկտներից առձեռն հավաքագրել է սահմանված գումարները և դրանք ամբողջությամբ փոխանցել Խ. Ա.-ին: Վերջինս, սակայն, նշված գումարները չի փոխանցել բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, իսկ հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով իրեն օժանդակող՝ տարբեր տարիներին բաժանմունքի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած Ս. Վ.-ի և Գ. Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ կեղծել է համապատասխան հաշվետվությունները, որոնցում ներառվել են կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիշյալ տնտեսվարող սուբյեկտները չեն վճարել կամ մասամբ են վճարել կնքված պայմանագրով նախատեսված վարձավճարները:
Արդյունքում՝ Խ. Ա.-ն վերը նշված անձանց օժանդակությամբ յուրացրել է բաժանմունքի հաշվեհամարին փոխանցման ենթակա առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 49․472․474 ՀՀ դրամը, որից Ռ. Մ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում վերջինիս է փոխանցել 11.900 ԱՄՆ դոլարին համարժեք 4.918.032 ՀՀ դրամ, Վ. Մ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում նրան է փոխանցել 17.000 ԱՄՆ դոլարին համարժեք 8.239.390 ՀՀ դրամ, իսկ Ա. Զ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում նրան է փոխանցել 18.000 ԱՄՆ դոլարին համարժեք 8.678.520 ՀՀ դրամ։
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար՝
Խ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256‑րդ հոդվածի 3‑րդ մասի 3‑րդ կետով և 445‑րդ հոդվածի 1‑ին մասով,
Ա. Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46‑256‑րդ հոդվածի 3‑րդ մասի 3‑րդ կետով,
Գ. Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46‑256‑րդ հոդվածի 3‑րդ մասի 3‑րդ կետով և 445‑րդ հոդվածի 1‑ին մասով
Ռ. Մ.-ին և Ա. Զ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46‑256‑րդ հոդվածի 3‑րդ մասի 3‑րդ կետով:
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։