Հուլիսի 12-ին Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, որտեղ նրանց ընդունել է Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
Շրջանավարտները Կոմիտեի նախագահի հետ զրուցել են կոռուպցիայի, դրա տեսակների ու պատճառների, տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերի, դրանց կանխարգելման ու պայքարի արդի մեխանիզմներին առնչվող հարցերի շուրջ:
Սասուն Խաչատրյանը, պատասխանելով շրջանավարտներին հետաքրքրքող հարցերին, նրանց ներկայացրել է օրինակներ քննիչի աշխատանքից, անդրադարձել կոռուպցիոն հանցագործությունների քննության առանձնահատկություններին, բացահայտումների ցուցանիշներին, նաև խոսել ոլորտի օրենսդրական կարգավորումներից ու հակակոռուպցիոն կրթության ներդրման անհրաժեշտությունից: Ըստ Սասուն Խաչատրյանի՝ այսօր հակակոռուպցիոն պայքարում հաջողելու համար էական նշանակություն ունի նաև հանրության ներգրավվածությունն ու հասարակության կողմից այդ երևույթի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորումը, որի համար կարևոր նախադրյալ պետք է լինի հակակոռուպցիոն պատշաճ կրթության ներդրումը: Կոմիտեի նախագահն ընդգծել է պատժի անխուսափելիության սկզբունքի կարևորությունը. նրա խոսքով՝ պետք է հասնել նրան, որպեսզի յուրաքանչյուր ոք համոզված լինի, որ կոռուպցիայի ոչ մի դրսևորում անպատիժ չի մնալու:
Ներկայացնելով միջազգային համագործակցության շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քայլերը՝ Կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) և կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր այլ երկրների իրավապահ կառույցների հետ տարվող աշխատանքներին։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։