ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության բյուրոյի («INL») տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին:
Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած արդյունքները, անդրադարձել հիմնական առաջնահերթություններին՝ այդ թվում՝ կառույցը պատրաստված կադրերով ու ժամանակակից տեխնիկայով համալրելու գործընթացին: Կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու հարցում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի («INL») հետ սերտ համագործակցությանն ու դրա շրջանակում վերապատրաստման և փորձագետների ներգրավմամբ տարբեր ծրագրերի իրականացման արդյունավետությանը: Սասուն Խաչատրյանը կարևորել է նաև ամերիկյան գործընկերների աջակցությունը միջազգային իրավական փոխօգնության հարցումներին առնչվող աշխատանքներում:
Դեսպան Քվինը, ընդգծելով Հակակոռուպցիոն կոմիտեի կարևոր դերակատարումը Հայաստանի իրավապահ համակարգում, հատկապես ողջունելի է համարել այն հանգամանքը, որ Կոմիտեին հաջողվել է գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն իսկ որոշակի դրական արդյունքներ արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում:
ԱՄՆ դեսպանը կարևորել է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ տարվող աշխատանքները և պատրաստակամություն հայտնել նույն արդյունավետությամբ շարունակել ձևավորված սերտ համագործակցությունը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։