ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին:
Կոմիտեի նախագահը դեսպանին ներկայացրել է Հայաստանի նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ կառույցի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ կոռուպցիայի նկատմամբ երկրում զրո հանդուրժողականություն ձևավորելու նպատակով: Միաժամանակ Սասուն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ չինացի գործընկերների հետ համագործակցային կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը դրականորեն կանդրադառնան երկու երկրների իրավապահ մարմինների աշխատանքների վրա՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Չինաստանում նույնպես գործում է կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած, համանման գործառույթներ իրականացնող մարմին՝ Ազգային վերահսկիչ հանձնաժողովը:
Անդրադառնալով Չինաստանի ղեկավարության կողմից կոռուպցիայի դեմ տարվող խիստ և հետևողական պայքարին՝ դեսպան Ֆան Յոնը նշել է, որ դա այն գլխավոր գործոնն է, որը նպաստել է երկրի արագ զարգացմանն ու կառավարության նկատմամբ ժողովրդի վստահության ձևավորմանը: Ըստ դեսպանի՝ երկիրը չի կարող զարգանալ, եթե կոռուպցիայի դեմ անհրաժեշտ պայքար չի տարվում:
Դեսպանը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև արդեն իսկ ձևավորված է արդյունավետ համագործակցային միջավայր, ուստի շատ լավ կլինի, եթե կողմերը փորձեն ամրապնդել համագործակցությունը նաև իրավապահ ոլորտում՝ հատկապես հաշվի առնելով, որ երկու երկրների կառավարություններն էլ ունեն կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտ կամք և վճռականություն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանն ու կարևորությանը: Սասուն Խաչատրյանը, կառույցի գործունեության առաջնահերթությունների շարքում առանձնացնելով օպերատիվ ծառայողների կարողությունների զարգացումն ու հակակոռուպցիոն միջոցառումներում նորագույն մեթոդների կիրառումը, հույս է հայտնել, որ չինացի գործընկերները նույնպես կարող են աջակցել այդ հարցում:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել նոր ձևավորվող համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման և մի շարք այլ ծրագրերի իրագործման ուղղությամբ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։