ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Արմավիր քաղաքից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների գործունեությանը չխոչընդոտելու դիմաց ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի առաջին ջոկի հրամանատար Ա. Ս.-ն կարգավարի գործունեություն իրականացնող անձանցից պահանջել և ստացել է կաշառք:
Նախաքննությամբ պարզվել է, որ ապօրինի ուղևորափոխադրումներն Արմավիրի ավտոկայանի տարածքում համակարգել են կարգավարի գործառույթներ իրականացնող Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն, որոնք մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվել ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնյայի հետ: Վերջինս, քաջատեղյակ լինելով Արմավիրի մարզի մի շարք վարորդների կողմից յուրաքանչյուր օր Արմավիրի ավտոկայանի հարակից տարածքից դեպի Երևանի կենտրոնական ավտոկայան և հակառակ ուղղությամբ առանց համապատասխան լիցենզիայի առկայության ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին, կաշառք ստանալու դիմաց չի արձանագրել վարչական իրավախախտումները:
Արդյունքում՝ Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն 2021 թ. դեկտեմբերից 2022 թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում վարորդներից հավաքել և Ա. Ս.-ի պահանջով վերջինիս տվել են ընդհանուր 220.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը վճարային տերմինալների միջոցով տարբեր օրերի փոխանցել են Ա. Ս.-ի էլեկտրոնային դրամապանակին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 311-րդ հոդվածի 2-րդ մասով, Ս. Հ.-ին և Գ. Ե.-ին` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-րդ մասով:
Ա. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, ում կողմից այն հաստատվել է, և նյութերն ուղարկվել են դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։