ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պատվիրակությունը կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ դեկտեմբերի 14-ից 15-ը երկօրյա աշխատանքային այցով եղել է Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում: ԵԱՀԿ-ի աջակցությամբ և ֆինանսավորմամբ կազմակերպված աշխատանքային այցը միտված էր Ավստրիայի հակակոռուպցիոն մարմնի` Կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի գործունեության և վերջինիս լավագույն փորձի ուսումնասիրությանը:
Վիեննայում հայկական պատվիրակությունը հանդիպել է Ավստրիայի կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի տնօրեն Օտտո Քերբլի և կառույցի ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արմեն Պապիկյանը:
Հանդիպման ընթացքում Կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի տնօրենը ներկայացրել է Ավստրիայի հակակոռուպցիոն մարմնի գործունեության հիմնական ուղղությունները` անդրադառնալով մասնավորապես օպերատիվ և քննչական գործունեության առանձնահատկություններին ու հատկապես Բյուրոյի կազմում թվային փորձաքննությունների իրականացման առանձնացված ստորաբաժանում ունենալու հանգամանքին, ինչն ավելի արդյունավետ և օպերատիվ է դարձնում քննչական աշխատանքները: Ներկայացվել են նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող միջոցառումները և դրանց շրջանակում իրականացվող կրթական ծրագրերը, որոնք միտված են կոռուպցիայի դեմ պայքարի հանրային իրազեկման բարձրացմանը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, իր հերթին, ներկայացրել է նախորդ տարվա հոկտեմբերից գործող նորաստեղծ կառույցի գործունեությունը, տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու հակակոռուպցիոն մարմնի առջև ծառացած հիմնական մարտահրավերները: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են փոխանակվել օպերատիվ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև թվային փորձաքննությունների արդյունավետ տեխնոլոգիաների և քննչական մեթոդների կիրառման հմտություններով ու փորձով: Հատկապես կարևորվել է օպերատիվ գործունեության ժամանակ տեղեկատվական նորարարական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը: Կոմիտեի նախագահը դիտարկել է նաև քննչական մարմնում թվային փորձաքննությունների իրականացման դրական փորձի ներդրման հնարավորությունը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում:
Այցի շրջանակներում հանդիպում է կազմակերպվել նաև ԵԱՀԿ Տնտեսական և բնապահպանական գործունեության հարցերով ԵԱՀԿ համակարգող, դեսպան Իգլի Հասանիի, վերջինիս տեղակալ Լոռենցո Ռիլաշիատիի և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերի համակարգող Անդրեյ Մունտեանի հետ:
Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ` նշելով, որ Հայաստանում նման կառույցի ստեղծումն արդեն հաջողված օրինակ են համարում և վստահ են, որ ժամանակի ընթացքում այն նկատելի հաջողություններ կարձանագրի կոռուպցիայի դեմ պայքարում` ապացուցելով իր գործունեության արդյունավետությունը: Կողմերը փոխադարձ կարևորել են նախանշվող ծրագրերի շրջանակում երկկողմ օրակարգի ընդլայնումն ու համագործակցության զարգացումը:
Սասուն Խաչատրյանը ևս, շնորհակալություն հայտնելով ԵԱՀԿ ղեկավար կազմին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում ցուցաբերվող շարունակական աջակցության համար, համոզմունք է հայտնել, որ արդեն իսկ առկա սերտ համագործակցությունը կշարունակվի նույն պատրաստակամությամբ և նոր ծրագրերի նախաձեռնմամբ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։