«Ժողովուրդ» օրաթերթն այսօր «Կադրային ջարդ` Հակակոռուպցիոն կոմիտեում. քննիչներն ընդդեմ Սասուն Խաչատրյանի» վերտառությամբ բամբասանքային ոճի հերթական սուտ տեղեկատվությունն է տարածել` այս անգամ էլ գրելով, թե իբր իր տեղեկությունների համաձայն՝ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պաշտոնից ազատում է քննիչների, որոնք հերթով կոմիտեի նախագահի որոշումների դեմ դատարան հայցեր են ներկայացնում»:
Այս առնչությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնին հավակնող թեկնածուներից դատական հայց ներկայացվել է միայն հրապարակման մեջ հիշատակված Սիմոն Հարությունյանի կողմից: Ընդ որում` նրան ոչ թե Կոմիտեի նախագահն է իր հայեցողությամբ ազատել պաշտոնից, ինչպես նշված է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման մեջ, այլ քննիչի պաշտոնակատարը պարզապես Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացված մրցույթում հաղթող չի ճանաչվել, քանի որ հարցազրույցի փուլի անցողիկ միավորի շեմը չի հաղթահարել: Մասնավորապես` վերջինս «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` նշանակվել է որպես քննիչի պաշտոնակատար, իսկ նույն հոդվածի 16-րդ մասի համաձայն` տվյալ անձինք Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայող ընտրվելու նպատակով պետք է սույն օրենքով սահմանված կարգով մասնակցեն մրցույթի: Մրցույթի արդյունքներով հաղթող չճանաչվելու դեպքում պաշտոնակատարը ազատվում է պաշտոնից:
Ուստի «Ժողովուրդ» օրաթերթի «եզրակացությունը», թե «քաղաքացին անցել է պաշտոնի նշանակման համար անհրաժեշտ մրցույթի փուլը, սակայն չի նշանակվում այդ պաշտոնում», ընդամենը ապատեղեկատվություն է:
Վերոգրյալը հաշվի առնելով` «Ժողովուրդ» օրաթերթին հերթական անգամ կոչ ենք անում և հորդորում զերծ մնալ «իր տեղեկությունները» որպես տեղեկատվության հավաստի աղբյուր վկայակոչելուց և չստուգված ու մանիպուլատիվ բնույթի լուրեր տարածելուց: Լրատվամիջոցներին և հանրությանն էլ կոչ ենք անում վերը նշված ապատեղեկատվությունը հիմք չընդունել և չտարածել:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։