ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի և այլ անձանց կողմից համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահատվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նոր դրվագներ, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:
Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյաներ Գ. Մ.-ն և Դ. Մ.-ն, իրենց մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետի պաշտոնակատար Հ. Ա.-ի և այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու հետևանքով խարդախությամբ հափշտակել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ընդհանուր շուրջ 5,6 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով 11 հողատարածքներ:
Բացի այդ, Հ. Ա.-ն իր մտերիմ Գ. Մ.-ի և նրա ներկայացրած անձի՝ Ծ. Գ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու, մասնավորապես՝ պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում գտնվող 209 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասի վերաբերյալ կազմված կադաստրային գործում առկա կեղծ փաստաթղթերը ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ ապօրինի մուտքագրելու գործընթացը կազմակերպելու համար 2020 թվականին Գ. Մ.-ից ստացել է 2 մլն ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2020 թվականի ապրիլի 9-ին վերոհիշյալ կեղծ փաստաթղթերը Հ. Ա.-ի կազմակերպմամբ մուտքագրվել են կադաստրային գործերի էլեկտրոնային համակարգ, որտեղ ներառվել են տեղեկություններ այն մասին, թե իբր հողամասի սեփականատեր է հանդիսանում Ծ. Գ.-ն:
Դրանից բացի, պաշտոնատար անձ Հ. Ա.-ն, տեղեկացված լինելով, որ Գ. Մ.-ն արդեն իսկ անմիջական մասնակցություն է ունեցել խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի հողամասերի հափշտակությանը, ինչպես նաև քաջատեղյակ լինելով մի շարք հողամասերի կադաստրային գործերում առկա կեղծ փաստաթղթերի առանձնահատկությունների մասին, Գ. Մ.-ին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2021 թվականի ընթացքում ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում ապօրինի կերպով որպես նշված հողամասերի սեփականատերեր է մուտքագրել տարբեր անձանց տվյալներ:
Հ. Ա.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, այն է՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 2,343,611,164 ՀՀ դրամ արժողությամբ 5 հողամասեր դուրս են բերվել պետության հաշվեկշռից և անցել այլ անձանց տնօրինության տակ:
Հ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ընդհանուր առմամբ, հիշյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել 11 անձի: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։