ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձին` պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկին 100 ԱՄՆ դոլար կաշառք առաջարկելու դեպք:
Մասնավորապես` պարեկներ Հ. Պ.-ն և Ա. Կ.-ն ծառայության ընթացքում` ժամը 01:20-ի սահմաններում, կանգնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան և ստուգման ընթացքում պարզել, որ վերջինս ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Դրանից հետո Կ. Մ.-ն, իր օգտին ապօրինի անգործության, այն է` տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և տրանսպորտային միջոցը պահպանվող հատուկ տարածք չտեղափոխելու համար, պարեկ Հ. Պ.-ին առաջարկել է 100 ԱՄՆ դոլար կաշառք: Պարեկը չի ընդունել նշված առաջարկը, այլ պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել է Կ. Մ.-ին և նրան տեղափոխել ոստիկանության բաժին:
2022 թվականի հուլիսի 29-ին Կ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման համար:
Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։