ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչներ մեկ միասնական դիտավորությամբ կատարել են պաշտոնեական կեղծիք՝ 2020-2021 թվականների ընթացքում պարբերաբար կազմել են կեղծ արձանագրություններ` վարորդ Ա. Հ.-ի կողմից իբր վարչական իրավախախտումներ թույլ տալու վերաբերյալ, որի հետևանքով վերջինիս պատճառվել է ընդհանուր 115.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ըստ առաջադրված մեղադրանքների՝ ՃՈ տեսուչներ Ռ. Օ.-ն, Ա. Ճ.-ն և Ռ. Ն.-ն ծառայության ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու բարձր ցուցանիշ ապահովելու անձնական դրդումներով 2020-2021թթ. տարբեր ամիսների Լոռու մարզի Միխայլովկա գյուղի բնակիչ Ա. Հ.-ի կողմից վարչական իրավախախտում թույլ չտալու պայմաններում կազմել են կեղծ արձանագրություններ` դրանցում ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբր Ա. Հ.-ն իրեն և այլ անձանց պատկանող ավտոմեքենաներ է վարել, թույլ տվել իրավախախտումներ: Արդյունքում Ռ. Օ.-ն, Ա. Ճ.-ն և Ռ. Ն.-ն Ա. Հ.-ին պատճառել են համապատասխանաբար` 45.000, 60.000 և 10.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՃՈ տեսուչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։