ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն և նույն բաժնի աշխատակից Կ. Ս.-ն նախնական համաձայնությամբ Ա. Բ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար վերջինից անձամբ ստացել են խոշոր չափերով կաշառք:
Ըստ առաջադրված մեղադրանքների` Կ. Ս.-ն, հայտնաբերելով Երևան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ի կողմից 2022 թվականի մարտին շենքի բակում առանց թույլտվության ինքնակամ պատշգամբ կառուցելու փաստը, տեղեկացրել է, որ այդ արարքի համար նախատեսված է վարչական տույժ 1.500.000-2.000.000 ՀՀ դրամի չափով և բնակչի օգտին խնդիրը լուծելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար վերջինիս առաջարկել է հաջորդ օրը ներկայանալ քաղաքապետարան` բաժնի պետ Ա. Ս.-ին հանդիպելու նպատակով:
2022 թվականի ապրիլի 11-ին Ա. Բ.-ն այցելել է Երևանի քաղաքապետարան, որտեղ Ա. Ս.-ն և Կ. Ս.-ն նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով` Ա. Բ.-ից պահանջել են խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք: Վերջինս ընդունել է պաշտոնատար անձանց կաշառք տալու առաջարկը, որից հետո Կ. Ս.-ն պարբերաբար Ա. Բ.-ից պահանջել է կաշառքի գումարը՝ հայտնելով, որ այն չտալու դեպքում միջոցներ կձեռնարկեն նրան վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
2022 թվականի ապրիլի 28-ին Ա. Բ.-ն Կ. Ս.-ի ավտոմեքենայի մեջ նրան է փոխանցել 300.000 ՀՀ դրամ կաշառքը, որից անմիջապես հետո Կ. Ս.-ն բռնվել է ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից, իսկ կաշառքի գումարը հայտնաբերվել և վերցվել է ավտոմեքենայի զննությամբ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ս.-ին և Կ. Ս-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ա. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։