ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Ա. Մաթևոսյանը 2018 թվականի մարտի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, դիտավորությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Այդ կապակցությամբ հիշյալ հանձնաժողովում դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 8-ին հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ, որի ընթացքում Ա. Մաթևոսյանի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել է վարչական տույժ: Վերջինս, սակայն, պատշաճ ծանուցված լինելով սահմանված ժամկետում հայտարարագրերը ներկայացնելու պարտականության, իսկ դրանք չներկայացնելու դեպքում՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, կրկին դիտավորությամբ չի ներկայացրել հայտարարագրերը:
Վերը նշված հանցավոր արարքի համար Ա. Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով:
Ա. Մաթևոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։