ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր: Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ:
Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Վաչագան Շիրոյանը սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները փաստացի ստուգելու, կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող գործնական քննություններ ընդունելու և քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում օժանդակելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ադամ Սարուխանյանի հետ: Պայմանավորվածության համաձայն` 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Վ. Շիրոյանը շուրջ չորս տասնյակ անձանցից ստացել է ընդհանուր 3.010.000 ՀՀ դրամ, որի մի մասը՝ 1.400.000 ՀՀ դրամը, որպես կաշառք տվել է Ադամ Սարուխանյանին:
Վ. Շիրոյանի օժանդակությամբ ստացած կաշառքի դիմաց ՃՈ տեսուչը հիշյալ քաղաքացիներից ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և նրանք առանց գործնական վարման հմտությունների պատշաճ ստուգման ստացել են վարորդական վկայականներ:
Միաժամանակ Ադամ Սարուխանյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ստացած կաշառքի դիմաց կազմել է կեղծ արձանագրություններ կաշառք տված անձանցից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ադամ Սարուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերով:
Վաչագան Շիրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 34-38-311-րդ հոդվածի 2-րդ մասով:
Եվս 37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կաշառք տալու, կաշառքի միջնորդություն կատարելու, կաշառք տալու փորձի և պաշտոնական փաստաթուղթ` վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար:
Ադամ Սարուխանյանի, Վաչագան Շիրոյանի և մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։