ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիզեր Բերգիին և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենին:
Հիզեր Բերգին շնորհավորել է Սասուն Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ հակակոռուպցիոն ոլորտում ակտիվ համագործակցությունը շարունակում է մնալ ԱՄՆ կառավարության առաջնահերթություններից մեկը, ուստի կարևոր է նորաստեղծ կառույցի հետ համատեղ աշխատանքների ներկա փուլում գործնական քայլերի մեկնարկն ու առաջիկա անելիքների պլանավորումը:
Առաջնահերթ աշխատանքների շրջանակում կողմերը դիտարկել են Հակակոռուպցիոն կոմիտեի արդյունավետ գործունեության համար պահանջվող տեխնիկական հագեցվածության հարցերը, այդ թվում` ԱՄՆ գործընկերների աջակցությամբ հնարավորինս սեղմ ժամկետներում օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների համար ժամանակակից տեխնիկայի ձեռք բերման և դրանց գործարկման համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման հնարավորությունը: Հաշվի առնելով հակակոռուպցիոն բնագավառում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հարուստ փորձը` կարևորվել է նաև այդ կառույցի ներկայացուցիչների օժանդակությամբ քննիչների և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ծառայողների կարողությունների ու հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:
Անդրադարձ է կատարվել նաև մի շարք կոռուպցիոն բնույթի գործերի շրջանակում ապօրինի ակտիվների վերադարձին առնչվող միջազգային իրավական փոխօգնության հարցումների ընթացքին:
Կողմերը հույս են հայտնել, որ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համագործակցային կապերն ընդլայնելուն ուղղված աշխատանքներն ու դրա շրջանակում նախանշված ծրագրերը կիրագործվեն մեծ արդյունավետությամբ:
RA Anti-Corruption Committee / 2024 © Copyright