ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին, դեսպանության ծրագրերի ավագ համակարգող Սերգեյ Հովհաննիսյանին և ծրագրի խորհրդատու Կառլ Ուլբրիխտին:
Փոխդեսպանը, անդրադառնալով Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության աջակցմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրին, որի մեկնարկը տրվել է 2020 թվականին, ներկայացրել է դրա շրջանակներում առ այսօր իրականացված և առաջիկայում նախանշվող աշխատանքները: Դրանք, մասնավորապես, միտված են լինելու մասնագիտացված վերապատրաստման ծրագրերի իրականացմանը, քննչական աշխատանքների կատարելագործման նպատակով նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ու տեխնիկական փորձառության ձեռքբերմանը, Կոմիտեի օպերատիվ աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև ապօրինի կերպով երկրից դուրս բերված ակտիվների վերադարձին ուղղված քննության աջակցմանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով` նոր որակի կառույց ունենալու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ պատշաճ պատրաստված կադրեր: Իսկ դրա համար առաջին հերթին հարկավոր է լուծել աշխատակիցներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով ապահովելու և այդ գիտելիքները գործնականում կիրառելու հարցերը, որի համար կարևոր է ժամանակակից նյութատեխնիկական բազայի առկայությունը: Ըստ Սասուն Խաչատրյանի` գերժամանակակից սարքավորումներով հագեցվածությունն այսօր կարևոր նախապայման է կոռուպցիայի դեմ պայքարում դրական արդյունքներ արձանագրելու համար, քանի որ հանցագործությունների կատարման եղանակները ևս ժամանակի ընթացքում կատարելագործվում են:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ներկայացմամբ` նորաստեղծ կառույցի գործունեության առաջնահերթություններից է լինելու երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձը, որի համար ակնկալվում է գործընկեր պետությունների աջակցությունը, այդ թվում` փորձագետների ներգրավման և եվրոպական լավագույն փորձին ծանոթանալու միջոցով: Այդ համատեքստում կարևորվել է հատկապես միջազգային իրավական փոխօգնությանն առնչվող հարցերում ակտիվ համագործակցությունն ու անհրաժեշտ աջակցության տրամադրումը:
Շվեյցարական կողմը վստահություն է հայտնել, որ վերը նշված ծրագիրը կնպաստի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մատնանշած մարտահրավերների հաղթահարմանը, և այդ համատեքստում երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել ծրագրի շրջանակներում համագործակցության հետագա խորացման վերաբերյալ:
RA Anti-Corruption Committee / 2024 © Copyright