Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնում նշանակման կարգը սահմանված է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածով, ըստ որի`
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների (բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների) ցուցակը համալրում է մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով):
2. Հանձնաժողովը կազմավորում և դրա գործունեության կարգը հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Հանձնաժողովի կազմի մեջ մտնում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակած հակակոռուպցիոն կոմիտեի երեք ծառայող, Կառավարության առաջադրած մեկ անձ, քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող չհանդիսացող անձինք Հանձնաժողովում կարող են ընդգրկվել, եթե ունեն առնվազն հինգ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ:
3. Քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման կարգը հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
4. Հանձնաժողովը ղեկավարում է Հանձնաժողովի նախագահը, որին Հանձնաժողովի անդամներից նշանակում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
5. Հակակոռուպցիոն կոմիտեում թափուր պաշտոն առաջանալու դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակում է մրցույթ (բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի) պաշտոնը թափուր մնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
6. Թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու վերաբերյալ հրապարակվում է հայտարարություն մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում (www.azdarar.am) և հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
7. Հանձնաժողովը կազմում և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի հայտարարության ձևը, ինչպես նաև մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ թեկնածուի մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, թեկնածուի մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով կազմված հարցերից բաղկացած թեստավորման հարցարանի (այսուհետ՝ Հարցարան) երեք տարբերակները, թեստավորման անցկացման պայմանները և անցողիկ միավորը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման և միավորների հաշվարկման կարգը:
8. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեստավորման Հարցարանի հարցերի 20 տոկոսը պետք է ներառեն Սահմանադրության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտերի, վերաբերելի նախադեպային որոշումների, 20 տոկոսը՝ քրեական օրենսդրության, 20 տոկոսը՝ քրեական դատավարության օրենսդրության, 20 տոկոսը՝ գույքի բռնագանձման, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ոլորտների օրենսդրության, 20 տոկոսը՝ հաշվապահական հաշվառման կամ իրավաբանական անձի կարգավիճակը և գործունեությունը կարգավորող ոլորտների իմացության ստուգմանն ուղղված հարցեր:
9. Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները.
1) թեկնածուին ներկայացվող պահանջները.
2) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ դիմումին կից փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը.
3) մրցույթն անցկացնելու պայմանները, թեստային առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակ, թեկնածուներին ներկայացվող պահանջները գնահատելու առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատելու և միավորները հաշվարկելու կարգը.
4) փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը և վայրը:
10. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների մրցույթն անցկացվում է հետևյալ փուլերով․
1) փաստաթղթերի ուսումնասիրության փուլ՝ դիմումը և կից փաստաթղթերը (այսուհետ նաև՝ հայտը) ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, Հանձնաժողովը համադրում է մասնակցի ներկայացրած փաստաթղթերի, բացառությամբ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկի, համապատասխանությունը սույն օրենքով նախատեսված պահանջներին: Թեկնածուն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` մեկօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում: Փաստաթղթերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք Հանձնաժողովի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից.
2) թեստավորման փուլ՝ փաստաթղթերի ուսումնասիրության փուլի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, Հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության փուլը հաղթահարած մասնակիցների համար կազմակերպում է թեստավորման փուլը, որի ընթացքում ստուգվում են մասնակիցների մասնագիտական գիտելիքները: Թեստավորման անցկացման նույն օրը կազմվում և հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակվում է թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի օրը և վայրը.
3) բարեվարքության ուսումնասիրության փուլ՝ Հանձնաժողովը թեստավորման փուլի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով.
4) հարցազրույցի փուլ՝ Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, անցկացնում է հարցազրույց՝ հարցազրույցի անցկացման օրվա և վայրի մասին տեղեկատվությունը հարցազրույցն անցկացնելուց առնվազն երեք օր առաջ հրապարակելով իր պաշտոնական կայքէջում: Հարցազրույցի փուլին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան, որին ներգրավում է Հանձնաժողովը: Հարցազրույցի փուլում Հանձնաժողովի անդամները գնահատում են մասնակցի աշխատանքային ձեռքբերումները, վերլուծական կարողությունները, տարբեր իրավիճակներում վարվեցողությունը, պատասխանատվության զգացումը, հաղորդակցման հմտությունները, տվյալ պաշտոնում նշանակվելու նրա շարժառիթը, ակնկալիքները և այդ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական որակներ և արժանիքներ: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են նաև հարցադրումներ արվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տվյալների վերաբերյալ: Մասնակցին տրվող հարցերը չպետք է ունենան նրա իրավաբանական գիտելիքներն ստուգելու նպատակ.
5) արդյունքների ամփոփման փուլ՝ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա հատկանիշները: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է յուրաքանչյուր մասնակցին՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքներով Հանձնաժողովը կազմում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակ, որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավորներ ստացած թեկնածուները: Եթե մասնակիցների միավորների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել հաղթողին, ապա անցկացվում է բաց քվեարկություն, որի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է առավելագույն հավասար ձայներ ստացած այս կամ այն թեկնածուի օգտին։ Քվեարկության ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Մրցույթի վերջնական արդյունքները մեկօրյա ժամկետում հրապարակվում են հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
11. Մասնակիցը մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, կարող է դրանք գրավոր բողոքարկել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է մեկ օրվա ընթացքում:
12. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ գրավոր բողոքի բացակայության դեպքում, իսկ բողոքի առկայության դեպքում բողոքարկման վերաբերյալ պատասխան տալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, Հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Ցուցակին կցվում են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած խորհրդատվական եզրակացությունները:
13. Ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքով սահմանված կարգով մասնագիտական պատրաստում են անցնում արդարադատության ակադեմիայում: Անձը հանվում է ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակից, եթե արդարադատության ակադեմիայում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքների հիման վրա ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի սահմանած նվազագույն միավորից, կամ նա չի անցել «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքով սահմանված փորձաշրջանը կամ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն հինգ տոկոսից:
14. Անձն ազատվում է սույն օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասով և սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված ուսումնառությունից, եթե ունի դատավորի, դատախազի, քննիչի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնողի պաշտոնում կամ փաստաբանի երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե այդ պաշտոնը թողնելուց կամ գործունեությունը դադարեցնելուց հետո չի անցել հինգ տարի:
15. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը համապատասխան ուսումնառությունն ավարտած թեկնածուների կամ սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված թեկնածուների ցուցակն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, կատարում է նշանակում համապատասխան պաշտոնում, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի դեպքում մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների ցուցակն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, վարչապետին է առաջարկում մրցույթում հաղթող ճանաչված հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի թեկնածությունը՝ կցելով թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած խորհրդատվական եզրակացությունը։
16. Եթե մասնակիցներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ միավորն ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում և անցկացվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
17. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ դիմողները չեն բավարարում սույն օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները, կամ դիմողներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած, և տասնօրյա ժամկետում հայտարարվում է նոր մրցույթ, որն անցկացվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
RA Anti-Corruption Committee / 2024 © Copyright