Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման կարգը սահմանված է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 19-րդ հոդվածով, ըստ որի`
1. Խորhուրդը վարչապետի աշխատակազմի միջոցով (սույն հոդվածում այսուհետ՝ Աշխատակազմ) մրցույթը հայտարարում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 90, և ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում` 40 օրվա ընթացքում։
2. Հայտարարությունը հրապարակվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում (www.azdarar.am), Աշխատակազմի և հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջերում:
3. Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
1) թեկնածուին ներկայացվող պահանջները.
2) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը.
3) մրցույթի անցկացման պայմանները, Հարցարանը.
4) փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը և վայրը:
4. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:
5. Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը (այսուհետ՝ հավակնորդ) հայտարարության հրապարակմանը հաջորդող 10 օրվա ընթացքում Աշխատակազմ է ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը:
6. Խորհուրդը մրցույթն անցկացնում է հետևյալ փուլերով․
1) փաստաթղթերի ուսումնասիրության փուլ՝ դիմումը և կից փաստաթղթերը (այսուհետ նաև՝ հայտ) ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, Խորհուրդը համադրում է թեկնածուի ներկայացրած փաստաթղթերի, բացառությամբ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկի, համապատասխանությունը սույն օրենքով նախատեսված պահանջներին: Թեկնածուն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` մեկօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում: Փաստաթղթերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարելու դեպքում Խորհուրդը կայացնում է հայտի ընդունումը մերժելու մասին որոշում: Սույն դեպքում թեկնածուի ներկայացրած փաստաթղթերը Խորհրդի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում: Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից.
2) բարեվարքության ուսումնասիրության փուլ՝ փաստաթղթերի ուսումնասիրության փուլի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում փաստաթղթերի ուսումնասիրության փուլը հաղթահարած մասնակիցների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով.
3) հարցազրույցի փուլ՝ Խորհուրդը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, անցկացնում է հարցազրույց՝ հարցազրույցի անցկացման օրվա և վայրի մասին տեղեկատվությունն Աշխատակազմի միջոցով հարցազրույցն անցկացնելուց առնվազն երեք օր առաջ հրապարակելով Աշխատակազմի պաշտոնական կայքէջում: Հարցազրույցն իրականացվում է հետևյալ փուլերով․
ա. հարցազրույցի փուլում Խորհուրդը հարցազրույցի միջոցով ստուգում է տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ ղեկավարման և կառավարչական հմտություններին տիրապետելու, ինչպես նաև տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական հատկանիշները (ինքնատիրապետումը, վարվեցողությունը, ունկնդրելու կարողությունը, հաղորդակցման հմտությունները պաշտոնական և արտապաշտոնական հարաբերություններում, վերլուծական կարողությունները և այլն),
բ. համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի նորմի, դատական ակտում արտահայտված դիրքորոշումների և այլն) թեկնածուի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ որակները գնահատելու համար.
4) արդյունքների ամփոփման փուլ՝ Խորհրդի յուրաքանչյուր անդամի տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա հատկանիշները: Խորհրդի յուրաքանչյուր անդամ գնահատում է յուրաքանչյուր թեկնածուի՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքներով Խորհուրդը կազմում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակ, որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավորներ ստացած առնվազն երկու և առավելագույնը երեք թեկնածուները, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ թեկնածու:
7. Թեկնածուների ցանկը կազմելուց հետո՝ երկու օրվա ընթացքում, Խորհուրդը Կառավարություն է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ միաժամանակ այն հրապարակելով հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում (www.azdarar.am) և Աշխատակազմի պաշտոնական ինտերնետային կայքէջում։
8. Կառավարությունը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում Խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
9. Խորհուրդը մրցույթում հաղթող չճանաչվելու կամ Կառավարության կողմից համապատասխան նշանակում չկատարվելու դեպքում ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում նշանակում է նոր մրցույթ:
RA Anti-Corruption Committee / 2024 © Copyright