Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման թափուր պաշտոնները՝ վարչության պետ, վարչության պետի տեղակալ, բաժինների պետեր, նրանց տեղակալներ, ավագ օպերլիազորներ և օպերլիազորներ (այսուհետ՝ ծառայողներ), համալրելու համար մրցույթի անցկացման կարգը և պայմանները։
2. Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) հիման վրա, սույն կարգով և իրավական այլ ակտերով նախատեսված պահանջներին համապատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թափուր պաշտոնները համալրելու համար անցկացվում է մրցույթ:
3. Սույն կարգը չի տարածվում Կոմիտեի այն թափուր պաշտոնների վրա, որոնք զբաղեցնող ծառայողները պետք է ծածկագրված լինեն, և իրենց լիազորություններն իրականացնեն գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ։
4.Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակը համալրում է մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով):
II. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը բավարարում է Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված պահանջներին։
6. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող վարչության պետ կամ նրա տեղակալ կարող է նշանակվել Օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի գլխավոր կամ առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի, քննիչի կամ փաստաբանի առնվազն չորս տարվա ստաժ կամ իրավաբանական կրթություն չունեցող և օպերատիվ-հետախուզական գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ ունեցող անձը։
7. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող բաժնի պետ կարող է նշանակվել Օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի գլխավոր խմբի կամ վերջին երկու տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի, քննիչի կամ փաստաբանի առնվազն երկու տարվա ստաժ կամ իրավաբանական կրթություն չունեցող և օպերատիվ-հետախուզական գործունեության առնվազն չորս տարվա ստաժ ունեցող անձը:
8. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող բաժնի պետի տեղակալ կարող է նշանակվել Օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի, քննիչի կամ փաստաբանի առնվազն 1.5 տարվա ստաժ կամ իրավաբանական կրթություն չունեցող և հետաքննիչի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության առնվազն երեք տարվա ստաժ ունեցող անձը:
9. Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ օպերլիազոր կարող է նշանակվել Օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի առնվազն մեկ տարվա օպերատիվ-հետախուզական գործունեության կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
10. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերլիազոր կարող է նշանակվել Օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
11. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի մասնակիցների (այսուհետ նաև՝ մասնակիցներ) ֆիզիկական պատրաստականության հետ կապված պահանջները սահմանում է Կառավարությունը:
12. Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը 60 տարեկանն է: Սահմանային տարիքը լրանալուց հետո հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է մինչև հինգ տարի ժամկետով երկարաձգել պաշտոնավարման ժամկետը:
13. Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են սույն կարգով սահմանված մրցույթի արդյունքների հիման վրա:
III. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
14. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողի թափուր պաշտոն առաջանալու դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակում է մրցույթ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
15. Թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու վերաբերյալ հրապարակվում է հայտարարություն մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում (www.azdarar.am) և հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
16. Հանձնաժողովը կազմում և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի հայտարարության ձևը, մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով Կոմիտեի նախագահի հաստատած հարցարանի հիման վրա կազմված քննական տոմսերի տարբերակները, անցողիկ միավորը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման և միավորների հաշվարկման կարգը:
Նախագահի կողմից թեկնածուի մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով հաստատած հարցարանի հիման վրա կազմված քննական տոմսերի հաստատած տարբերակները փակ ծրարով (Կոմիտեի նախագահի կնիքով կնքված) փոխանցվում են Հանձնաժողովին, որն էլ Հանձնաժողովը բացում է հարցազրույցի անցկացման օրը մասնակիցների ներկայությամբ:
17. Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները՝
1) թեկնածուին ներկայացվող պահանջները (այդ թվում՝ ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի վերաբերյալ).
2) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ դիմումին կից փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը.
3) Կոմիտեի նախագահի հաստատած հարցարանը.
4) մրցույթն անցկացնելու պայմանները, թեկնածուներին ներկայացվող պահանջները գնահատելու առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատելու և միավորները հաշվարկելու կարգը.
5) փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը և վայրը:
18. Անհարգելի պատճառով մրցութային փուլերին չներկայացած թեկնածուն զրկվում է հետագա փուլերին մասնակցելու իրավունքից:
19. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման ծառայողի պաշտոնների մրցույթն անցկացվում է հետևյալ փուլերով.
1) փաստաթղթերի ուսումնասիրության փուլ՝ դիմումը և կից փաստաթղթերը (այսուհետ նաև՝ հայտը) ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, Հանձնաժողովը համադրում է մասնակցի ներկայացրած փաստաթղթերի, բացառությամբ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկի, համապատասխանությունը Օրենքով և սույն որոշմամբ նախատեսված պահանջներին: Թեկնածուն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` մեկօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում: Փաստաթղթերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը որոշմամբ մերժվում է, և դրանք Հանձնաժողովի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից։
2) ֆիզիկական պատրաստականության ստուգման փուլ՝ փաստաթղթերի ուսումնասիրության փուլի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում անցկացվում է ֆիզիկական պատրաստականության ստուգում։ Անձանց ֆիզիկական պատրաստականությունը օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաղթահարման համար որոշակի ունակությունների ամբողջությունը, համապատասխան ֆիզիկական և բարոյակամային որակները պարզելուն ուղղված Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց համար Կառավարության կողմից սահմանված պահանջների ստուգումն է:
Մասնակիցների ֆիզիկական պատրաստականությունը ստուգելու նպատակով Հանձնաժողովին կից գործում է համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետներից կազմված աջակցող խումբ, որի կազմը հաստատում է Կոմիտեի նախագահը:
Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իրականացվում է «Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված՝ նորմատիվներին համապատասխան՝ ըստ բժշկատարիքային խմբերի:
Հաջորդ փուլին մասնակցության իրավունք են ստանում այն մասնակիցները, որոնք հաղթահարել են ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված անցողիկ շեմը։
Այս փուլի արդյունքները հանձնաժողովն ամփոփում է ամփոփաթերթում, որում արձանագրվում է յուրաքանչյուր մասնակցի ամփոփ գնահատականը (բալը): Արդյունքները մասնակիցներին հայտնվում են նույն օրը։
3)հարցազրույցի առաջին փուլ՝ մասնակիցների ֆիզիկական պատրաստականության ստուգման փուլի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, անցկացվում է հարցազրույց, որի ընթացքում բանավոր կարգով ստուգվում են մասնակիցների մասնագիտական գիտելիքները Կոմիտեի նախագահի կողմից նախապես հաստատված հարցարանում ներառված հարցերի սահմաններում: Հարցազրույցի անցկացման օրվա և վայրի մասին տեղեկատվությունը պետք է հարցազրույցն անցկացնելուց առնվազն հինգ օր առաջ հրապարակվի Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
Հարցարանում ընդգրկված հարցերի 10 տոկոսը պետք է ներառեն Սահմանադրության, 20 տոկոսը՝ քրեական օրենսդրության, 20 տոկոսը՝ քրեական դատավարության օրենսդրության, 10 տոկոսը՝ հաշվապահական հաշվառման կամ իրավաբանական անձի կարգավիճակը և գործունեությունը, 40 տոկոսը՝ օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրությունը կարգավորող ոլորտների իմացության ստուգմանն ուղղված հարցեր: Քննական տոմսերը պետք է ընդգրկեն մեկական հարց յուրաքանչյուր ոլորտից:
Հարցազրույցի անցկացման սենյակում միաժամանակ կարող են գտնվել հինգից ոչ ավել թեկնածու: Հարցազրույցի անցկացման սենյակում թեկնածուին արգելվում է պահել բջջային հեռախոս և այլ միջոցներ, որից հնարավոր է օգտվել հարցերի պատասխանները իմանալու համար, ինչպես նաև արգելվում է ունենալ ծածկաթուղթ։ Թեկնածուն քննական տոմսը ընտրում է ինքնուրույն՝ պատահականության սկզբունքով: Ընտրված տոմսը փոխելն արգելվում է: Պատասխանին պատրաստվելու համար թեկնածուին տրվում է մինչև 30 րոպե ժամանակ: Հանձնաժողովի անդամը տոմսի հարցերին պատասխանելուց հետո թեկնածուին կարող է առաջադրել լրացուցիչ և պարզաբանող հարցեր` տոմսում ներառված հարցերի սահմաններում:
Հանձնաժողովն իրավունք ունի ծածկաթղթից և այլ միջոցներից օգտվող մասնակցին զրկելու տվյալ և հետագա փուլերին մասնակցելու իրավունքից:
Այս փուլի արդյունքները հանձնաժողովն ամփոփում է ամփոփաթերթում, որում արձանագրվում է յուրաքանչյուր մասնակցի ամփոփ գնահատականը (բալը): Արդյունքները մասնակիցներին հայտնվում են նույն օրը։
Հաջորդ փուլին մասնակցության իրավունք են ստանում այն մասնակիցները, որոնք հաղթահարել են հարցազրույցի առաջին փուլի համար Հանձնաժողովի սահմանած անցողիկ միավորի շեմը։
4) բարեվարքության ուսումնասիրության փուլ՝ Հանձնաժողովը հարցազրույցի առաջին փուլից հետո՝ մեկօրյա ժամկետում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում նախորդ փուլը հաղթահարած մասնակիցների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։
5) հարցազրույցի երկրորդ փուլ՝ Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, անցկացնում է հարցազրույցի երկրորդ փուլը՝ հարցազրույցի անցկացման օրվա և վայրի մասին տեղեկատվությունը հարցազրույցն անցկացնելուց առնվազն երեք օր առաջ հրապարակելով Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում։ Հարցազրույցի այս փուլին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան, որին ներգրավում է Հանձնաժողովը:
Հարցազրույցի փուլում Հանձնաժողովի անդամները գնահատում են մասնակցի աշխատանքային ձեռքբերումները, վերլուծական կարողությունները, տարբեր իրավիճակներում վարվեցողությունը, պատասխանատվության զգացումը, հաղորդակցման հմտությունները, տվյալ պաշտոնում նշանակվելու նրա շարժառիթը, ակնկալիքները և այդ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական որակներ և արժանիքներ: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են նաև հարցադրումներ արվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տվյալների վերաբերյալ: Այս փուլում մասնակցին տրվող հարցերը չեն կարող ունենալ նրա մասնագիտական գիտելիքներն ստուգելու նպատակ։ Այս փուլում Հարցազրույցի անցկացման սենյակում կարող է գտնվել միայն մեկ մասնակից։
6) արդյունքների ամփոփման փուլ՝ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա հատկանիշները: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է յուրաքանչյուր մասնակցին՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքներով Հանձնաժողովը կազմում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակ, որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավորներ ստացած առվազն երկու և առավելագույնը վեց թեկնածու, բացառությամբ՝ երբ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել ընդամենը մեկ թեկնածու: Եթե մասնակիցների միավորների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել հաղթողին, ապա անցկացվում է բաց քվեարկություն, որի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է առավելագույն հավասար ձայներ ստացած այս կամ այն թեկնածուի օգտին։ Քվեարկության ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Մրցույթի վերջնական արդյունքները մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
20. Մասնակիցը մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, կարող է դրանք գրավոր բողոքարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
21. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ գրավոր բողոքի բացակայության դեպքում, իսկ բողոքի առկայության դեպքում բողոքարկման վերաբերյալ պատասխան տալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը ներկայացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Ցուցակին կցվում են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած խորհրդատվական եզրակացությունները:
22. Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք ցուցակում ընդգրկվելուց հետո անցնում են վերապատրաստման դասընթաց:
23. Անձն ազատվում է Oրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասով և սույն կարգի 22-րդ մասով նախատեսված վերապատրաստման դասընթացից, եթե ունի դատավորի, դատախազի, քննիչի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնողի պաշտոնում կամ փաստաբանի երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե այդ պաշտոնը թողնելուց կամ գործունեությունը դադարեցնելուց հետո չի անցել հինգ տարի:
24. Կոմիտեի նախագահը համապատասխան վերապատրաստման դասընթացն ավարտած թեկնածուների կամ սույն կարգի 23-րդ կետով սահմանված թեկնածուների ցուցակն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, կատարում է նշանակում համապատասխան պաշտոնում։
25. Եթե մասնակիցներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ միավորն ու մրցույթում հաղթող չի ճանաչվել կամ հաղթող ճանաչված թեկնածուն հրաժարվում է, ապա անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում և անցկացվում է սույն կարգով:
26. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ դիմողները չեն բավարարում Օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները, կամ դիմողներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած, և տասնօրյա ժամկետում հայտարարվում է նոր մրցույթ, որն անցկացվում է սույն կարգով:
IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
27. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողի թափուր պաշտոնների համալրման համար մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունը:
28. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիներն անձնակազմի կառավարման վարչության համապատասխան աշխատակցին ներկայացնում են սույն կարգի 5-10-րդ մասերով նախատեսված պահանջների բավարարումը հավաստող սույն փաստաթղթերը՝
1) հավակնորդի կողմից ստորագրված դիմում՝ ուղղված Հանձնաժողովի նախագահին.
2) անձը հաuտատող փաuտաթուղթ և պատճեն.
3) երկու գունավոր լուսանկար՝ 3x4 սմ չափսի
4) հավակնորդի՝ Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճանի կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճանի առկայությունը հավաuտող փաuտաթուղթ, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով և դրանց պատճենները.
5) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելը (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ նման ծառայությունից օրենքով սահմանված կարգով ու հիմքով ազատված լինելը հավաuտող փաuտաթուղթը և պատճենը.
6) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաuտող փաuտաթուղթ (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).
7) ռուսերենից, անգլերենից և ֆրանսերենից առնվազն մեկ ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացությունը հավաuտող փաuտաթուղթ: Առաջին կազմի դեպքում նշված փաստաթուղթը չներկայացնելու պարագայում հավակնորդը պարտավոր է այն ներկայացնել նշանակումից հետո՝ երեք տարվա ընթացքում: Սույն փաստաթղթերը չեն պահանջվում կրտսեր պաշտոնների համար մրցույթին մասնակցող անձանցից:
8) ինքնակենսագրություն, որը պետք է ներառի տվյալներ դիմողի ծննդյան ամսաթվի, ծննդավայրի, կրթության, աշխատանքային գործունեության, ընտանեկան կարգավիճակի (պարտադիր չէ ներառել) մասին.
9) համապատասխան պաշտոնում նշանակվելու համար պահանջվող ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ.
10) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ՝ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված կամ չիրականացված չլինելու, քրեական հետապնդման բացակայության մասին.
11) Կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց առողջական վիճակի հետ կապված պահանջներին բավարարելու վերաբերյալ փաստաթուղթ (փաստաթղթեր).
12) իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ առ այն, որ թեկնածուն, լինելով դատավոր, նախկին դատավոր, դատախազ, նախկին դատախազ, քննիչ, նախկին քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ, նախկին օպերլիազոր, փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում չի ստացել խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
13) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելը հավաստող փաստաթուղթ.
14) գրավոր հայտարարություն՝ որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին.
15) գրավոր հայտարարություն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին.
16) բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:
17) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
29. Եթե նշանակվել է մրցույթ վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժինների պետերի, նրանց տեղակալների (այսուհետ՝ 1-ին խումբ) կամ ավագ օպերլիազորների, օպերլիազորների (այսուհետ՝ 2-րդ խումբ) թափուր պաշտոնների համալրման համար, ապա թեկնածուն դիմումի մեջ կարող է նշել է, թե կոնկրետ որ պաշտոնի համար է մասնակցում մրցույթին, ինչպես նաև կարող է տալ իր համաձայնությունը նույն խմբի մյուս թափուր պաշտոնների մրցույթին մասնակցության վերաբերյալ, հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
ա) թեկնածուն իր դիմած պաշտոնի մրցույթից դուրս է մնացել և
բ) բավարարում է նույն խմբի մյուս պաշտոնների ծառայողներին ներկայացվող՝ Օրենքով սահմանված պահանջներին։
30. Թեկնածուն դիմումի մեջ պետք է նշի նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն։
31. Անձնակազմի կառավարման վարչության համապատասխան աշխատակիցը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է Հանձնաժողովին:
32. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում
RA Anti-Corruption Committee / 2024 © Copyright